.jpg)
Ռ.Սաֆարովի էքստրադիցիան անընդունելի է
Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան անընդունելի է. այս կոչին արդեն աշխարհում 70-ից ավելի ՀԿ-ներ և անհատներ են միացել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Ռ. Սաֆարովի Էքստրադիցիայի հավանականության մասին լուրերին:
Նրա խոսքով, եթե դատավճռի պահին այդ հավանականությունը 50/50 էր, ապա այժմ այն միջինից բարձր է: «Դա բավականին երկար գործընթաց է, սակայն այն ազդակները, որոնք մենք ստանում ենք վերջերս, ինձ հիմք են տալիս դրա հավանականությունը միջինից բարձր գնահատելու համար: Սա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվենք, սակայն պետք է ավելի զգոն և կազմակերպված լինենք» ,-ասաց նա:
Ըստ Լ.Ալավերդյանի, դրա պատճառը այն է, որ Հուգարիայում այժմ փոխվել են քաղաքական էլիտայի տրամադրությունները և տնտեսական վիճակը, և Հայաստանին այս փուլում որևէ բան չի խանգարում դիմելու Հունգարիային, հասկանալու համար, այդ գործընթացը արդեն սկսվել է, թե ոչ:
«Այստեղ խուճապի հարց չէ, այլ հասուն գործելակերպի: Ես որպես Հայաստանի ՄԻՊ երկու անգամ շնորհակալագիր եմ ուղարկել Հունգարիային այս գործի արդար քննության, հանցագործության հստակ ձևակերպման համար, սակայն մենք ուզում ենք Հունգարիային հիշեցնել, որ նա ռեցեդեվիստ է, առանձնահատուկ վտանգ է ներկայացնում հասարակության համար, անգամ բանտում է փորձել մարդ սպանել, և մտավոր կարողություններն էլ գնահատվում են միջինից ցածր: Այդ պատճառով էլ ուզում եմ նրանց ևս մեկ անգամ զգուշացնել, որ որևէ կերպ իրենց արդարադատության բարձր մակարդակի նկատմամբ վստահությունը վերանայելու կարիք չլինի»,-ասաց նա:
Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանի խոսքով, այդ գործընթացը բավականին ժամանակատար է, սակայն ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է: «Ամբողջ դատական գործընթացում Ադրբեջանը որպես պետություն շատ ակտիվ մասնակցություն է ունեցել դատավարությանը, և հենց այդ դատավարության հետ կապված նա Հունգարիայում դեսպանատուն բացեց և բոլոր դատական պրոցեսներին մասնակցում էին և Ադրբեջանի, և Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները: Դա խոսում է այն մասին, որ երկուսն էլ ցանկանում են, որ Ռ. Սաֆարովը կամ ազատվեր, կամ ստանար ավելի մեղմ պատիժ: Այս հարցը բարձրացվել է և Ադրբեջանի նախարարների, և նախագահի մակարդակով, և նրանք նույնիսկ գնացել հանդիպել են Ռ.Սաֆարովի հետ, գրել, որ երջանիկ են իրենց ծանոթության համար, և որ նրանք ոգևորվում են երգարվեստի, սպորտի մեջ հաջողություններ ունեցող և Սաֆարովի նման երիտասարդներով»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, 4 տարի տևած այս ողջ դատական պրոցեսի ընթացքում ինքը համոզվել է, որ Ռ. Սաֆարովը կատարել է պետական պատվեր: «Ադրբեջանի նրան ազատ արձակելու բոլոր ջանքերը չավարտվեցին այս դատավճռով, և եթե մինչև դատավճիռը կային հայերին սպանելու մասսայական կոչեր, ապա դրանից հետո այդ հակահայկական հիստերիան հանդարտվեց, նրանք հասկացան, որ կպատժվեն դրա համար, սակայն դրանից հետո Ադրբեջանը որևէ առիթ բաց չի թողել նրա էքստարդիցիայի մասին խոսելու համար: Այնինչ, դա անընդունելին է, որովհետև կարող է լուրջ հակահայկական հետևանքներ ունենալ»,-ասաց փաստաբանը:
Լ. Ալավերդյանի հավաստմամբ, իրենց ՀԿ այժմ վերլուծություններ է կատարում`որպես ՀԿ Ադրբեջանին` որպես հանցագործությանը մասնակից պետություն մեղադրելու համար: «Ադրբեջանը այսքան ժամանակ ոչ միայն չի ընդունել, որ Ռ. Սաֆարովը հանցագործ է, այլև հերոսացրել է նրան, և Ադրբեջան փոխադրվելու դեպքում մենք վստահ ենք, որ նա ոչ թե ազատազրկումը կշարունակի, այլ կհերոսացվի գործած հանցանքի համար: Այդ նպատակով էլ մենք այժմ վերլուծություններ ենք կատարում`Ադրբեջանին որպես հանցագործությանը մասնակից կողմ մեղադրելու համար»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, Ռ. Սաֆարովի էքստրադիցիայի դեպքում մեր կողմը որևէ բան անել չի կարողանա, որովհետև դա կլինի Հունգարիայի և Ադրբեջանի ներքին հարաբերությունների հարցը: «Պետական մարմինները պետք է շարունակեն պայքարը, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեն, որ Ռ. Սաֆարովը չփոխանցվի ադրբեջանական կողմին, որովհետև բոլորս էլ գիտենք, որ նա այնտեղ պատիժ չի կրի: 2005 թ. նա անգամ Ադրբեջանում տարվա մարդ ճանաչվեց, ինչը ազդեց Հունգարիայի դատարանի դատավճռի խստության վրա: Այս ամենը հունգարական կողմը պետք է հաշվի առնի, երբ որ որոշում է կայացնում նման հանցագործի էքստրադիցիայի մասին, որովհետև եթե նրանք համաձայնության գան, մենք ոչինչ անել չենք կարող»,-ասաց նա:
Ըստ փաստաբանի, այս պահին չկա որևէ նախադեպ, որ ցմահ ազատազրկվածը վերադարձվի իր հայրենիք, սակայն դա չի նշանակում, որ մենք անելիքներ չունենք: «Կարծում եմ, ՀՀ արդադատության նախարարությունը, ՄԻՊ և ԱԳ նախարությունը այստեղ մեծ անելիքներ ունեն, և տվյալ դեպքում դա երկու պետությունների արդադատության նախարարների ֆունկցիաների մեջ է մտնում, և մեր նախարարը կարող է նման հարցում ուղարկել, բացի այդ, այն իրականացնելու համար պետք է միջազգային պայմանագիր և այստեղ ԱԳ նախարարության, և Գլխավոր դատախազությունը դերը ևս շատ մեծ է: Նրանք այս գործում ունեն իրավազորություն, և այս մարմինները գոնե միշտ պետք է հսկողության տակ պահեն այս իրավիճակը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 26-ամյա հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ դաժանաբար կացնահարվել է: Նման մահափորձ նույն օրը նա կատարել է նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը հաջողվել է կանխել:
Նրան Հունգարիայում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում սովորելու համար: