«Անուշ» օպերայի պրեմիերան Գյումրիում
31/08/2012 20:09

«Անուշ» օպերայի պրեմիերան Գյումրիում

Այսօր Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի պրեմիերան` Գյումրու ստեղծագործ ուժերի մասնակցությամբ: Այն նվիրվել է «Անուշ» օպերայի առաջնախաղի 100-ամյա հոբելյանին:

Նախագծի հեղինակ, գեղարվեստական ղեկավար - ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյան, ռեժիսոր – ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյան, գլխավոր դիրիժոր – Երվանդ Վարոսյան, գլխավոր նկարիչ – Գարիկ Մանուկյան, գլխավոր խմբավար – Ջեմմա Քաղցրիկյան, գլխավոր պարուսույց – Հովհաննես Վարդանյան, խմբավար – Աննա Հովհաննիսյան:

Դերերում`
Անուշ – Արևիկ Գրիգորյան,
Սարո – Կարապետ Մանուկյան,
Մոսի – Միհրան Գասպարյան,
Անուշի մայրը – Նազան Ղազարյան:

1912 թ. օգոստոսի 4-ին Ալեքսանդրապոլի քաղաքային ժողովրդական տանն առաջին անգամ բեմադրվեց Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի գրական հենքի վրա ստեղծված համանուն օպերան, որի կոմպոզիտորն էր քաղաքում հայտնի երաժիշտ Արմեն Տիգրանյանը. «Պետք է գրել օպերա, այդ միտքն է ծնունդ առել ուղեղումս, դա կարևոր է, այդ էի որոնում: Պետք է ամբողջովին նվիրվել արվեստին… Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին հասկանալի ու սիրվի նրա կողմից»:

Հայ գեղջկական բառ ու բանից սերված պոեմը եղանակավորվեց ալեք-պոլյան քաղաքային ժողովրդական երգին ներդաշնակորեն միահյուսված աշուղական ու հոգևոր երաժշտության մեղեդիական ընձյուղներով: Ա. Տիգրանյանի խանդավառ աշխատանքը համախմբեց քաղաքում հայտնի երաժիշտներին, նաև Թիֆլիսից հրավիրված նվիրյալ երաժիշտների (Ա. Մարիկյան-Անուշ, Շ. Տալյան- Սարո, Վ. Մարտիրոսյան-Մոսի): Փոքրիկ նվագախմբի դիրիժորը հայտնի Առևտրական ուսումնարանի դասատու Ա. Բուրկովիչն էր:

Համաժողովրդական տոնի վերածված օպերայի առաջնախաղը խորհրդային տարիներին փոխակերպվեց և հարմարեցվեց մեծ բեմին, հաջողությամբ բեմադրվեց Երևանում, Մոսկվայում, հետագայում նաև Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:

Այսօր էլ «Անուշ»-ն իր գեղարվեստական բարձր արժանիքների շնորհիվ հայ ազգային օպերային արվեստի անփոխարինելի բաղկացուցիչն է: Սակայն այս ստեղծագործության 100-ամյա ծնունդն այսօր էլ լավագույնս արժևորվում է որպես Ալեքսանդրապոլի քաղաքային մշակույթի ապագային միտված փայլուն ձեռքբերում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:

«Անուշ» օպերայի պրեմիերան Գյումրիում