.jpg)
Ահմադինեժադ. ԼՂ կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումն անփոփոխ է
Թեհրանում Չմիացած երկրների շարժման գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Իրանի նախագահը ջերմությամբ հիշել է անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան և գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում: Իրանի նախագահը խնդրեց իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և շնորհավորեց Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու և կազմակերպության գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարևորել են երկու երկրների միջև զարգացող համագործակցությունը, քննարկել համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն և խաղաղ բանակցությունների միջոցով:
Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը, երկու երկրների նորընտիր խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրներին:
Էդվարդ Նալբանդյանի թեհրանյան օրակարգում էր հանդիպումը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Նախարարները անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական բաժնից: