Այս տարի դպրոց կհաճախի ավելի քան 37 հազար առաջին դասարանցի
31/08/2012 14:57

Այս տարի դպրոց կհաճախի ավելի քան 37 հազար առաջին դասարանցի

Այս տարի սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց հաճախելու է 37 հազար առաջին դասարանցի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, սակայն սա նախնական թիվ է, իսկ վերջնական արդյունքները կհայտարարեն սեպտեմբերի 5-ից հետո:

Ն. Հովհաննիսյանի հիշեցմամբ, 1-4 դասարանցիների բոլոր առարկաների դասագրքերը անվճար կտրվեն երեխաներին:

Անդրադառնալով սահմանամերձ գյուղերի դպրոցների ջեռուցման խնդրին, նա նշեց, որ այս պահին իրենք ամեն ինչ անում են, այդ հարցը լուծելու համար:

Լրագրողի հարցին, ինչպես են նրանք պատրաստվում վերահսկել բարձր դասարանցիների հաճախումները դպրոց, որոնք դպրոց հաճախելու փոխարեն պարապում են կրկնուսույցների մոտ, նա նշեց, որ այս տարի դպրոցի 25-30%  շրջանավարտներ ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ առանց կրկնուսույցների մոտ պարապելու: Բացի այդ, նրա հավաստմամբ, նախարարը խիստ հանձնարարական է տվել դպրոցների տնօրեններին և իրենք պարբերաբար պատահական ստուգումներ են անցկացնելու ավագ դպրոցներում: 

Հարցին, թե ԿԳՆ թեժ գիծը հիմնականում ի՞նչ բնույթի զանգեր է ստանում, Ն.Հովհաննիսյանը նշեց, որ բողոքները հիմնականում վերաբերում են դրամահավաքին, դասագրքերի վարձավճարների, ինչպես նաև, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների հետ կապված հարցերին:

Այս տարի դպրոց կհաճախի ավելի քան 37 հազար առաջին դասարանցի