.jpg)
«Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի հետ»
«Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ»,- այսօր Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ցավոք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրավիրել Նախագահի նստավայր: Ինչպես գիտեք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան:
Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգեն Մարգարյանի սպանության հանգամանքներին. դրանք բոլորին քաջ հայտնի են: Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր»:
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը:
«Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը: Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի Նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ»,-ասել է երկրի ղեկավարն ու ավելացրել.
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խոսում է իր մասին, և ես չէ, որ դա պետք է բացատրեմ»: