Նախագահ. Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ քայլերը
31/08/2012 20:46

Նախագահ. Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ քայլերը

«Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ»,- ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես դա հանդուրժել չե՛մ կարող: Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի՛ կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը»,- հայտարարել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է. «Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ:

Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջև:

Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են:

Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին:

Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին»: 

Նախագահ. Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ քայլերը