«Միջադեպերը չեն կարող ստվերել ընտրական ամբողջ գործընթացը»
31/08/2012 15:50

«Միջադեպերը չեն կարող ստվերել ընտրական ամբողջ գործընթացը»

«Իմ համոզմամբ` նախընտրական միջադեպերը չեն կարող ստվերել ընտրական ողջ գործընթացը»,- անդրադառնալով Գյումրիում և Ախթալայում հնչած կրակոցներին և դրանց հնարավոր ազդեցությանն ընտրական գործընթացների որակի վրա` ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Օրենքը լիարժեք հնարավորություն է տվել նման դեպքերում դիմել պատշաճ իրավական պաշտպանությանը: Երբ տեղի են ունենում նման դեպքեր, ապա յուրաքանչյուր նման դեպքում պետք է դիմում ներկայացվի իրավասու մարմիններին` օրենքով քննություն անցկացնելու համար: Եվ ոչ թե տարածվի քաղաքական հայտարարություն»,- մանրամասնեց ԿԸՀ նախագահը:

Եթե բոլոր թեկնածուները, Տ. Մուկուչյանի խոսքերով, հակված են և ցանկանում են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, ապա յուրաքանչյուր մասնակից պետք է օգտվի օրենքով իրեն ընձեռած հնարավորություններից. «Կոնկրետ Ախթալայի և Գյումրիի կրակոցները մասնավոր դեպքեր են, որոնց առումով ներկայացված են հայտարարություններ և կկատարվի քննություն, բայց այս դեպքերը, կրկնում եմ, չեն կարող ստվերել ընտրական ամբողջ գործընթացը»:

Հիշեցնենք, նախօրեին հարձակում էր տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա, ով առաջադրված է որպես քաղաքապետի թեկնածու:
 

«Միջադեպերը չեն կարող ստվերել ընտրական ամբողջ գործընթացը»