01/09/2012 11:46
ԿԳՆ.Հունգարիայի կառավարությունը թաթախվել է Գ.Մարգարյանի արյան մեջ
«Ուզում եմ փաստել, որ Հունգարիայի ժամանակակից կառավարության ձեռքերը թաթախվել են Գուրգեն Մարգարյանի արյան մեջ»,-մեկնաբանելով Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած ադրբեջանցուն հայրենիք վերադարձնելու փաստը` լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ նախարարը երկրի ղեկավարի հետ մասնակցում է Արմավիրի մարզի Արտամետ համայնքի դպրոցի բացման արարողությանը:
«Ի՞նչ իմանային հայազգի գեներալները, ովքեր 160 տարի առաջ պայքարում էին Հունգարիայի անկախության համար, որ տարիներ հետո այդ երկրում կկառավարի մի քաղաքական վերնախավ, որը կբարոյազրկվի այն աստիճան, որ մեղսակից կդառնա հայ սպայի սպանությանը»,-ասաց Ա. Աշոտյանը:
Նախարարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ասաց, որ խորհրդակցելով այդ գյուղի բնակիչների հետ, որոշել են նորաբաց դպրոցն անավանակոչել Գուրգեն Մարգարյանի անունով:
«Հուսով եմ, որ դուք դեմ չեք: Սա մեր պատասխանն է այն մարդկանց, որոնք փորձում են ուրանալ անմեղ մարդկանց արյունը, որոնք հերոսացնում են ստահականերին, իսկ մենք հերոսացնում ենք նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան»,-ընդգծեց նախարարը: