«Սաֆարովը խայտառակել էր այն պետությունը, որ ներկայացնում էր»
11/09/2012 13:15

«Սաֆարովը խայտառակել էր այն պետությունը, որ ներկայացնում էր»

«Իլհամ Ալիևը կրկնահանցագործ է, Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը ոչ միայն ադրբեջանական օրենսդրությանն է հակասում, այլև նա արդարացրել է ռազմական գաղտնիք բացահայտած թուրք-ադրբեջանական հանցագործին»,-այսօր «Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին և դրա հետևանքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Բուդապեշտում Գ.Մարգարյանի սպանության (2004-2006 թթ.) գործով լսումներում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը:

«2004-2006 թթ. ես մասնակցել եմ բոլոր դատական նիստերին, Սաֆարովի ինքնավստահ հայտարարությունները վկայում էին, որ նա վստահ էր, որ կազատվի: Այդ ժամանակ, մեր մեծագույն ջանքերի շնորհիվ, հաջողվեց կանխել նրա արտահանձնումն Ադրբեջանին: Այս ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում էին Սաֆարովի կերպար կերտել, որը պետք է ձեռնտու լիներ երկու կողմերին էլ, սակայն այդ ժամանակ դա նրանց չհաջողվեց: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ թույլ տվեց ամենամեծ սխալը, նա ռազմական գաղտնիք բացահայտեց, որ ադրբեջանցի սպաները տարբեր գործքիներով մարդ սպանել սովորում են Թուրքիայի կողմից ապօրինի բռնազավթված Հյուսիսային Կիպրոսի բազաներում, որպեսզի Եվրոպայի կենտրոնում մարդ սպանեն: Եվ սա այն երկիրն է, որտեղ բոլորը, նախագահից սկսած, խոսում են այն մասին, որ իրենց տարածքների 20 տոկոսը բռնազավթված է»,-ասաց  Հայկ Դեմոյանը: 

Հ. Դեմոյանի խոսքով, դրանով Ռամիլ Սաֆարովը խայտառակել էր այն բանակը և պետությունը, որ ներկայացնում էր, և նա պետք էր միայն Իլհամ Ալիևի կլանին, որը լուրջ խնդիրներ ունի արտաքին և ներքին քարոզչության մեջ:

Ռ.Սաֆարովի արդարացման այս քայլը, ըստ Հ. Դեմոյանի, ուղղված էր ոչ միայն ՀՀ, այլև Հունգարիայի դեմ, և նրա արտահանձնումը լրջորեն խաթարել է Հունգարիայի գործող իշխանության վարկանիշը:  «Չեմ բացառում, որ սա կարող է Հունգարիայում ներկառավարական ճգնաժամի հանգեցնել: Նրանք չէին կարծում, որ հայկական կողմն այսքան հուժկու կարձագանքի: Ալիևն իր տխրահռչակ որոշմամբ բոլոր ճակատները բացել է Ադրբեջանին ջախջախիչ պարտության մատնելու համար»,-ասաց նա:

Հ.Դեմոյանի հավաստմամբ, մեր կողմից լրջագույն սխալ կլինի այս պահը չօգտագործելը. «Իմ կարծիքով, պետք է հետևյալ քայլերը իրականացնել. ՄԱԿ-ում բարձրացնել Ադրբեջանի լիազորությունների կասեցման հարցը՝ որպես ԱԽ անդամ, ժամանակն է, որպեսզի նման հանցագործությունները հակահայկական տերմինով որակվեն, և այն կիրառվի միջազգային դատարաններում: Այս հարցը պետք է բարձրացնել նաև ՆԱՏՕ-ում, որի անդամն է Թուրքիան: Բացի այս, այն արդեն իսկ ազդել է բանակցային գործընթացի վրա, այն նպաստել է հայկական կողմի դիրքորոշման կոշտացմանը, և ազդարարել փոխզիջումների գնալու խոսակցությունների ավարտը: Ադրբեջանը Հայաստանին ոսկե քայլի` պատժիչ գործողությունների կատարման հնարավորություն է մատուցել»:

«Սաֆարովը խայտառակել էր այն պետությունը, որ ներկայացնում էր»