.jpg)
Նախագահի պաշտոնի համար պայքարն արդեն սկսվել է
«Ռուբեն Հայրապետյանի և այլոց հարցազրույցները և այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են մամուլում, ցույց են տալիս, որ նախագահական պայքարն արդեն իսկ մեկնարկել է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ռուբեն Հայրապետյանը, ըստ քաղտեխնոլոգի, լինելով ՀՀԿ-ում ոչ պատահական մարդ, իր հարցազրույցով տվեց որոշ մեսիջներ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին, Գագիկ Ծառուկյանին.«Գալիք նախագահական ընտրություններում պայքարը ծավալվելու է երեք նախագահների միջև: 2013թթ.-ի նախագահական ընտրություններում տեղի չի ունենալու իշխանության սահուն փոխանցում, այլ տեղի է ունենալու քաղաքական պայքար»:
Իր հերթին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, թե չի պատկերացնում ինչ է նշանակում ժողովրդի կողմից ընտրված ընդդիմության միասնական թեկնածու, քանի որ այժմ քաղաքական պայքարը ՀՀ-ում կրում է կուսակցական պայքարի տեսք:
Բանախոսը, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի տված հարցազրույցին, նշեց, որ այդ հարցազրույցում Հայրապետյանը հավատարմության երդում է տալիս երրորդ նախագահին:
«Հայրապետյանը վայելում է իշխանության արտոնությունները և բարիքները:Ռուբեն Հայրապետյանը չգիտե, թե ինչ է քաղաքական պայքարը, նա առաջնորդվում է «սրա կամ նրա մարդն է» տրամաբանությամբ և հայտարարում է, թե Հրանուշ Խառատյանը սրա կամ նրա մարդն է»,-ասաց Հրանուշ Խառատյանը:
Խառատյանի խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի լռությունը՝ Հայրապետյանի հարցազրույցի հետ կապված, պայմանավորված է նրանով, որ Քոչարյանը դեռևս զբաղված է ուժերի վերադասավորությամբ՝ նախագահական ընտրություններին ընդառաջ: