Ժ. Ասելբորնի. Մարդուն կացնահարելը չի կարող դիտվել հերոսություն
11/09/2012 16:10

Ժ. Ասելբորնի. Մարդուն կացնահարելը չի կարող դիտվել հերոսություն

«Մարդուն կացնահարելը չի կարող դիտվել որպես հերոսություն»,- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին և ասացը որակես որպես «մասնավոր կարծիք»:

Կիպրոսում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հավաքի ժամանակ, Ժ. Ասելբորնի խոսքերով, Հունգարիայի ԱԳ նախարարը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առթիվ ու նշել, թե իր երկիրը մտադրություն չի ունեցել ցավ պատճառել Հայաստանին. «Ես կարծում եմ, այդ պահին նա ասաց այն, ինչ զգում էր»:

Անդրադառնալով Թուրքիային` փոխվարչապետը նշեց, որ Լյուքսեմբուրգը` որպես ԵՄ անդամ երկիր, բանակցություններ է վարում այդ երկրի հետ. «Ուղերձ ունեմ Թուրքիային` պետք է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները վավերացվեն»,- ասաց նա` ընդգծելով, որ ԵՄ-ում բոլորն այս նույն դիրքորոշումն ունեն:

Նա ընդգծեց, որ առավոտյան եղել է Ծիծեռնակաբերդում` հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ինչպես նաև` Ցեղասպանության թանգարանում:

«Թանգարանում տեսածից շատ հուզված եմ: Դեռ աչքիս առաջ է այն լուսանկարը, որտեղ մայրն է` իր երկու երեխաներին գրկած, նրանցից մեկն արդեն մահացած է…»,- ընդգծեց դիվանագետը:

Պաշտոնյան հույս հայտնեց, որ Թուրքիան բավականաչափ ուժ կունենա` ընդունելու ճշմարտությունը. «Պետք է ամեն բան անել, որպեսզի նման վայրագություններ այլևս չկրկնվեն»:

Ժ. Ասելբորնի. Մարդուն կացնահարելը չի կարող դիտվել հերոսություն