.jpg)
ԱԳՆ. Ադրբեջանին աջակցեց միայն թիվ 1 հոգեբուժական հիվանդանոցը
«Հունգարա-ադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության շրջանում, և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք եղավ: Այն, ինչ լսում ենք Ադրբեջանից և Հունգարիայից, ոչ պակաս շոկ է առաջացնում»,- այս մասին Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եթե հունգարական կառավարության պաշտոնական պատասխանն այն է, թե իրենց գործարքը թափանցիկ է, ապա Ադրբեջանն ասում է, թե գաղտնի բանակցություններ են վարել: Հունգարական կողմը Բուդապեշտում հավատարմագրված դեսպանություններին նոտաներ է ուղարկել, որ վրդովված է, միևնույն ժամանակ ասում է, թե հաստատակամ է շարունակել ռազմավարական հարաբերությունների զարգացումն Ադրբեջանի հետ: Հունգարական կողմն ասում է, թե գործարքը համահունչ է Ստրասբուրգի կոնվենցիային, սակայն ԵԽԽՎ նախագահը հայտարարել է, որ այս գործարքը չարաշահում է այդ կոնվենցիան»,- եթե-ների շարքն այսպես շարունակեց ՀՀ ԱԳ նախարարը:
Անդրադառանոլով կատարվածի շուրջ միջազգային հանրության մոտեցմանն ու արձագանքին` Է.Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք միաձայն էին. «Չկար որևէ կառույց, որն իր բացասական վերաբերմունքը չհայտներ այս գործարքի վերաբերյալ»: ԱԳ նախարարը հայտնեց, որ վերջին օրերին տասնյակ հեռախոսազանգեր է ստացել տարբեր երկրների, այդ թվում` ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներից, ովքեր իրենց միանշանակ վերաբերմունքն են հայտնել կատարվածի վերաբերյալ:
«Չկա որևէ երկիր, որն իր աջակցությունը հայտներ կատարվածին կամ Ադրբեջանին: Ո՞վ կարող էր աջակցություն հայտնել, միգուցե թիվ 1 հոգեբուժական հիվանդանոցը, որը նամակ էր հղել Ադրբեջանի նախագահին»,- ամփոփեց իր խոսքը նախարարը: