.jpg)
Խորհրդարանում շարունակվում է ԱԺ 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանը
Այսօր շարունակվեց երեկ մեկնարկած ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանը։ Քառօրյա նիստերի երկրորդ օրը խորհրդարանի աշխատանքներին ներկա է 105 պատգամավոր։
Նիստը մեկնարկեց երեկ քննարկված օրինագծերի քվեարկությամբ։
Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որն ընդունվում է 24-ժամյա արագացված ընթացակարգով։
97 կողմ, 4 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակղությամբ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Օրինագծի հիմնական զեկուցողը` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` ներկայացնելով իր և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը նշեց, որ ներկայացված փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որպեսզի փոքրաթիվ խմբակցություններին ևս հնարավորություն տրվի ներկայացված լինելու ԱԺ հանձնաժողովներում։
Ըստ ներկայացված օրինագծի՝ առաջարկվում է, որ եթե պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, այսինքն՝ 12-ից, պատգամավորական խումբն իրավունք ունենա իր անդամին ներկայացնելու՝ մեկից ավելի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար։ Այդ դեպքում՝ խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի քան երեք մշտական հանձնաժողովի անդամ։
Քննարկման ընթացքում օրինագծի շուրջ մի շարք կարծիքներ ու առաջարկություններ հնչեցին։ Փոփոխությունների հետ համաձայն չէր հատկապես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։ Մյուս խմբակցությունների պատգամավորները՝ որոշ վերապահումներով, սակայն հիմնականում կողմ էին առաջարկված փոփոխություններին։
Դ.Հարությունյանն իր ամփոփիչ ելույթում նշեց, որ այս օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն այն է, որպեսզի բոլոր խմբակցությունների պատգամավորներին հնարավորություն տրվի մասնակցել ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներին։