Ադրբեջանագետ. «Իսլամիստները խորը արմատներ են գցել Ադրբեջանում»
11/09/2012 11:22

Ադրբեջանագետ. «Իսլամիստները խորը արմատներ են գցել Ադրբեջանում»

«Այս պահին տարածաշրջանում իսլամական ուժերը նոր վերելք են ապրում և «Ալ-Քաիդա»-ն, որը իրականացրել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ԱՄՆ-ում, ուժեղ ճնշման է ենթարկվում ԱՄՆ-ի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 11-րդ տարելիցին և տարածաշրջանում ծայրահեղական կազմակերպությունների գործունեությանը՝ ասաց իսլամագետ, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նրա խոսքերով, 2001թ.-ի ահաբեկչությունից հետո «Ալ-Քաիդա»-ի շարքերում աճեց մի նոր սերունդ, որոնք գտնում են, որ չպետք է իրականացնել ահաբեկչություն, քանի որ այդ գործողություններից հետո իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունները կորցրեցին Աֆղանստանի պես երկիր, որտեղ մտան ԱՄՆ-ի զորքերը:

Ս.Գրիգորյանի խոսքերով, «արաբական գարնան» հետևանքով արաբական երկրներում տեղի է ունենում իսլամական զարթոնք, իսլամականացում: Իսլամական կազմակերպություններն ամենակազմակերպվածներն էին «արաբական գարնան» երկրներում և կարողացան վերահսկել «արաբական փողոցը»:

Իր հերթին, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում իսլամիստական կազմակերպությունների գործունեությանը, նշեց, որ Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ հարում են ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունների՝ ծայրահեղական կազմակերպությունները արմատներ են գցել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Ասատրյանը նշեց, որ բազմաթիվ իսլամիստական ծայրահեղականներ կռվել են Ղարաբաղում՝ որպես վարձկաններ՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին:

«Ադրբեջանում նույնպես ծայրահեղական կազմակերպությունները խորը արմատներ են գցել, և բազմաթիվ ադրբեջանցի երիտասարդներ ընդգրկվում են այդ կազմակերպությունների շարքերում:Այս պահին Ադրբեջանում առկա է գաղափարախոսական վակուում, որը լցվում է իսլամական ծայրահեղական գաղափարախոսությամբ՝ տեղի է ունենում հասարակության լայն շերտերի ընդգրկում իսլամիստական կազմակերպությունների կազմում»,-ասաց ադրբեջանագետը: 

Ադրբեջանագետ. «Իսլամիստները խորը արմատներ են գցել Ադրբեջանում»