.jpg)
«Հարսնաքարի» գործով առաջին դատական նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին
«Հարսնաքարի» գործով դատական առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին Ավան և Նոր Նորք վարչակա շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության համաձայն, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել էր կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել էր վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի շահերը դատարանում կպաշտպանեն փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի արդյունքում ՀՀ ՊՆ կայազորի զինվորական հոսպիալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: