Ախալցխայում կբացվի Վահրամ Գայֆեճյանի մարմարե հուշատախտակը
11/09/2012 16:22

Ախալցխայում կբացվի Վահրամ Գայֆեճյանի մարմարե հուշատախտակը

Սեպտեմբերի 22-ին Ախալցխայում տեղի կունենա Վահրամ Գայֆեճյանի տան առաջնապատին նրա մարմարե հուշատախտակի բացման արարողությունը: Միջոցառումը իրականացվում է «Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միություն» ՀԿ-ի և Ախալցխայի մունիցիպալիտետի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ, արարողությունից հետո Ախալցխայի պետական դրամատիկական շենքում կայանալու է հանդիսավոր նիստ` նվիրված Վ. Գայֆեճյանին, այնուհետև ցուցադրվելու են նկարչի աշխատանքները, իսկ վերջում Հայաստանի և Վրաստանի արվեստի գործիչների մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ, որին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:  Տոնական համերգին հանդես կգան «Վարպետներ» երգչախումբը և «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը:

Հայ մեծ նկարիչ, մանկավարժ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954թ.) Վահրամ Գայֆեճյանը 20-րդ դարի առաջին կեսի հայ գեղանկարչության և գրաֆիկայի խոշորագույն վարպետներից է, և նրա արվեստը զգալի ազդեցություն և հետք է թողել ազգային կերպարվեստի զարգացման գործում:


 

Ախալցխայում կբացվի Վահրամ Գայֆեճյանի մարմարե հուշատախտակը