Ա.Վարդանյան. Բանաձևը մինչև հիմա եղած կոչերից ամենաընդգրկունն էր
14/09/2012 12:27

Ա.Վարդանյան. Բանաձևը մինչև հիմա եղած կոչերից ամենաընդգրկունն էր

«Այս կարճ ժամանակահատվածում ինձ մտահոգեց ԱԺ մեծամասնության երիտասարրդ պատգամավորներից մի քանիսի փառաբանող, գովերգող ու մեծարող տոնայնությունը։ Այդ տոնայնությունը վայել չի ո´չ ԱԺ-ին, ո´չ ՀՀ-ին։ Մենք Ադրբեջան չենք, մենք Միջին Ասիա չենք, և անցել են բրեժնևյան ժամանակները»,- ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում, խոսելով ԱԺ-ում մի քանի նիստերից ունեցած իր տպավորության մասին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

ՀՅԴ քարտուղարն անդրադարձավ նաև խորհրդարանական գործունեության ընթացքում լրատվամիջոցների ու լրագրողների հետ իրենց աշխատանքին:

«Մեր խմբակցությունը ԶԼՄ-ների հետ լինելու է բաց, բայց մեկ պայմանով, որ դրա հիմքը լինի պրոֆեսիոնալիզմը։ Մենք որևէ մեկից բան չունենք թաքցնելու, բայց մենք չենք տրվելու սադրանքներին։ Կաշխատենք նրանց հետ, ում աշխատանքը կլինի պրոֆեսիոնալ։ Մենք բացառիկ կարևորում ենք ԶԼՄ-ների դերը։ Ձեր աշխատանքը իշխանությունների աշխատանքից պակաս կարևոր չէ»,- ասաց Ա. Վարդանյանը։

Խոսելով երկու ընտրատարածքներում առաջիկայում հնարավոր թափուր տեղերի ընտրություններին ՀՅԴ մասնակցության մասին՝ Ա. Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն արդեն իսկ նախնական քննարկումներ արել է, սակայն վերջնական որոշում դեռ չունի։ «Բայց մի բան ակնհայտ է, որ մենք, անկախ մեր վերջնական որոշումից, շարունակելու ենք ամեն օր մեր ուղղությունը, մեր գիծը, մեր ճշմարտությունը առաջ տանել։ Թափուր տեղերի մասին դեռ հայտարարված չէ։ ՀՅԴ-ն ճիշտ ժամանակին իր որոշումը կկայացնի»,- ասաց Ա. Վարդանյանը։

Անդրադառնալով երեկ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին՝ Ա.Վարդանյանը նշեց, որ ընդունված բանաձևը մինչև հիմա եղած կոչերից ամենաընդգրկունն էր.«Որակական առումով նախորդ բոլոր հայտարարություններից այն մեկ աստիճան բարձր էր»։ 

Ա.Վարդանյան. Բանաձևը մինչև հիմա եղած կոչերից ամենաընդգրկունն էր