ԱՄՆ դեսպան. ՀՀ-ն մեկն է այն 50 երկրից, որ զգոնության կոչ է արվել
14/09/2012 13:46

ԱՄՆ դեսպան. ՀՀ-ն մեկն է այն 50 երկրից, որ զգոնության կոչ է արվել

Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև Եգիպտոսում և Եմենում ԱՄՆ  երկու դեսպանատների վրա հարձակումները  ցույց են տալիս, որ մեր դեսպանատներն ամեն տեղ պետք է զգոնություն ցուցաբերեն: Այս մասին այսօր լրագրողների հետ  հանդիպմանն  ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպանություն, ըստ դեսպանի, պարտավոր է հնարավոր ամեն ինչ անել` Միացյալ նահանգների քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու և ապահովելու համար.  «Երբ որևէ իրադարձություն է լինում տվյալ երկրում կամ որևէ այլ երկրում, մենք գտնում ենք, որ մեր երկրի քաղաքացիների համար դա կարող է որոշակի ռիսկեր պարունակել, և անկախ նրանից, թե այդ երկրում որևէ բան եղել է, թե ոչ, մեր բոլոր քաղաքացիներին ամեն տեղ զգուշացնում ենք, որպեսզի զգոնություն հանդես բերեն»:

Դեսպանը հայտնեց, որ այս պահին արդեն 50 դեսպանատներ իրենց քաղաքացիներին զգոնություն հանդես բերելու կոչ են արել,  իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այդ 50 դեսպանատներից մեկն է, որ զգուշացում է տվել ԱՄՆ քաղաքացիներին. «Սա կատարվում է ամբողջ աշխարհում: Հայաստանը ուղղակի մեկն է ամբողջ աշխարհի տարբեր երկրներից»:

Պատասխանելով  հարցին, թե Լիբիայում ԱՄՆ դեսպանատան նկատմամբ ահաբեկչական գրոհից հետո, ԱՄՆ-ը 7 երկրների իր դեսպանատներին նախազգուշացրել է հնարավոր հարձակման մասին, սակայն ինչու է ամերիկյան կառավարությունը մուսուլմանական երկրների՝ Բուրունդիի, Քուվեյթի, Սուդանի, Թունիսի, Զամբիայի, Եգիպտոսի կողքին նույն շարքում անհասկանալի կերպով ներառել Հայաստանին, Ջոն Հեֆֆերնը նշեց, որ յոթ երկրների մասին հաղորդումները ամբողջական չեն, քանի որ այս պահի դրությամբ առնվազն 50 երկրում նմանատիպ հայտարարություններ ԱՄՆ քաղաքացիներին ուղղվել է` ի լրումն Միացյալ Նահանգների ղեկավարության կատարած հայտարարություններին: «Եւ Հայաստանի հետ կապված կոնկրետ որևէ տեղեկատվություն չկա, սա Հայաստանի հետ որևէ առնչություն չունի»,- հայտնեց դեսպանը:

Ջոն Հեֆֆերնը ընդգծեց, որ Հայաստանի հետ լավ գործընկերներ են, աշխատում են Հայաստանի իրավապահ կառույցների հետ, որոնք ապահովում են իրենց անվտանգությունը: «Դեսպանությունն այստեղ շարունակում է իր բնականոն աշխատանքը աշխատանքային ժամերին, ուղղակի Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մեկն էր այն դեսպանատներից, որը զգոնության կոչով դիմել է իր քաղաքացիներին»,- մեկ անգամ ևս շեշտեց ամերիկացի դիվանագետը և հավելելեց, որ այս կոչը համընդհանուր է և իրականացվել է ամբողջ աշխարհում:

Դեսպանը նաև ԱՄՆ-ի կառավարության և դեսպանատան անունից շորհակալություն հայտնեց բոլոր այն ցավակցական ուղերձների համար, որ ստացել են ՀՀ կառավարության ներկայացուցիչներից, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներից: 

ԱՄՆ դեսպան. ՀՀ-ն մեկն է այն 50 երկրից, որ զգոնության կոչ է արվել