.jpg)
Մեկնարկել է Դուդուկի համահայկական փառատոնը
Սեպտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացել է Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ` բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆելիքս Զաքարյանը, ով նշել է, որ Դուդուկի այս փառատոնն իր տեսակի մեջ բացառիկ է:
Սեպտեմբերի 14-18-ն անցկացվող փառատոնն առաջին անգամ Հայրենիքում համախմբել է Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող հայ դուդուկահարներին, որոնք Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով:
«Այս աննախադեպ մշակութային իրադարձությանն իր ուրախության և շնորհավորանքի խոսքն էր հղել նաև աշխարհառչակ դուդուկահար, մաեստրո Ջիվան Գասպարյանը, ում խոսքի տեսագրությունը ցուցադրվեց հանդիսատեսին:
Այնուհետև ցուցադրվեց վավերագրական ֆիլմ հայկական ծիրանափողի մասին: Ժողովրդական փողային նվագարանների ընտանիքում դուդուկն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Դուդուկը հայ մենակատարի ձեռքին լավագույնս խոսում ու երգում է հայերեն: Իսկ հայրենի հողի վրա հայ վարպետ դուդուկահարներն իրենց պրոֆեսիոնալիզմով բարձրացրել են նվագարանի գեղարվեսական արժեքն ու ստեղծել կայուն ավանդույթներ: Հայկական դուդուկը համաշխարհային բեմ է բարձրացել և համահայկական խորհրդանիշից վերածվել համամարդկայինի:
Միջոցառման ավարտին հնչեցին կատարումներ Սփյուռքից ժամանած հայազգի դուդուկահարների կատարմամբ: Կատարումներով հանդես եկան նաև հայաստանյան երաժիշտներ»,-ասված է հաղորդագրության մեջ: