.jpg)
«Մինչ տարեվերջ Հայաստանը կգրանցի տնտեսական բարձր ցուցանիշեր»
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Մարք Հորթընի գլխավորությամբ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նախարարության ծրագրերը, որոնցից առավել կարևորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարակական աշխատանքների մեկնարկը, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցումը: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից:
Ըստ աղբյուրի` նախարարը, մասնավորապես, շեշտել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը Հայաստանի համար ունի տնտեսական և պետական մեծ նշանակություն:
Մարք Հորթընը նախարարին ներկայացրել է, որ իրենց առաքելության նպատակներից մեկը Հայաստանի տնտեսական քաղաքականության ամենամյա քննարկումներն են, որի շրջանակներում հանդիպում են շահագրգիռ կազմակերպությունների, մասնավոր հատվածի հետ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Հորթընը հետաքրքրվել է, թե այդ ծրագիրն ինչքանով կարող է նպաստել Հայաստանի տնտեսական աճին: Նախարար Բեգլարյանը վստահեցրել է, որ մինչ տարեվերջ Հայաստանը կգրանցի տնտեսական բարձր ցուցանիշեր, որոնց վրա իր ազդեցությունը կունենա նաև «Հյուսիս- հարավ» ծրագիրը: Նա կարևորել է շինարարական աշխատանքների մեկնարկը, նշել, որ տրանսպորտի և կապի նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում անելու է ամեն բան աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար`ընդգծելով նաև ճանապարհների կառուցումից հետո դրանց սպասարկման,որակի ապահովման անհրաժեշտությունը:
Խոսելով Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման մասին ` Գագիկ Բեգլարյանը նշել է, որ այդ նախագիծը կարևոր և շահեկան նշանակություն ունի Հայաստանի համար, որի հետ կապված խնդիրները քննարկման փուլում են: