Նախարարն ընդունել է ատլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին
14/09/2012 19:34

Նախարարն ընդունել է ատլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեպտեմբերի 14-ին ընդունել է ատլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել անվանի թեթևատլետ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին ներկա լինելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հյուրերի թվում են եղել, մասնավորապես, Ֆրանսիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բեռնար Ամսալեմը (Bernard Amsalem), Եվրոպայի ատլետների միության փոխնախագահ Կարել Փիլնին (Karel Pilny), Հունաստանի սիրողական ատլետիկայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պանագիոտիս Դիմակոսը (Panagiotis Dimakos):

Աղբյուրի փոխանցմամբ, ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է միջազգային փորձի կիրառումը մեր ատլետների մարզական պատրաստվածության բարձրացման գործում: «Համագործակցությունը տարբեր երկրների ֆեդերացիաների հետ սերտանում է նաև առանձին մարզիկների միջև ձևավորված անձնական կապերի շնորհիվ: Այդպիսի մարզիկ է մեր անվանի ատլետ Ռոբերտ Էմմիյանը, ով նաև Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նրա կողմից կատարվող աշխատանքները տեսանելի են բոլորին»,- նշել է նախարարը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար և փաստել, որ նկատելի է Հայաստանի կառավարության հոգատար վերաբերմունքը ոլորտի նկատմամբ, ինչը հետագայում ևս տալու է իր դրական արդյունքները:

Աղբյուրի ընդգծմամբ, վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությունը:

Նախարարն ընդունել է ատլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին