.jpg)
Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է ատլետիկայի կառուցների ղեկավարներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեպտեմբերի 14-ին ընդունել է ատլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել անվանի թեթևատլետ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին ներկա լինելու նպատակով:
Հյուրերի թվում էին, մասնավորապես, Ֆրանսիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բեռնար Ամսալեմը (Bernard Amsalem), Եվրոպայի ատլետների միության փոխնախագահ Կարել Փիլնին (Karel Pilny), Հունաստանի սիրողական ատլետիկայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պանագիոտիս Դիմակոսը (Panagiotis Dimakos):
Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է միջազգային փորձի կիրառումը մեր ատլետների մարզական պատրաստվածության բարձրացման գործում: «Համագործակցությունը տարբեր երկրների ֆեդերացիաների հետ սերտանում է նաև առանձին մարզիկների միջև ձևավորված անձնական կապերի շնորհիվ: Այդպիսի մարզիկ է մեր անվանի ատլետ Ռոբերտ Էմմիյանը, ով նաև Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նրա կողմից կատարվող աշխատանքները տեսանելի են բոլորին»,- նշել է նախարարը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար և փաստել, որ նկատելի է Հայաստանի կառավարության հոգատար վերաբերմունքը ոլորտի նկատմամբ, ինչը հետագայում ևս տալու է իր դրական արդյունքները:
Նշենք, որ վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությունը: