.jpg)
«Համազգային» թատրոնի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա
«Համազգային» պետական թատրոնի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, միայն քննարկումներ են անցկացվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
«Բավական շահագրգիռ ենք Երևանում մշակութային օբյեկտներ ունենալու հարցում: Մենք մի շարք տարածքներում նախատեսում ենք կառուցել թանգարաններ և մշակութային օջախներ: Նման հայտերը խրախուսում ենք»,- ասաց նա:
Նրա խոսքով` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի հատվածում գտնվող այգու վերջնամասում թատրոնին տարածք հատկացնելու թեմայով հանրային քննարկումներ են անցկացվել` սակայն ոչ բոլոր ճարտարապետներն են համակարծիք եղել: «Ունեցանք երկու կարծիք. Մի մասը կողմ է այդտեղ շենքի կառուցմանը, մյուսն էլ գտնում է, որ այդտեղ շենքի կառուցումը կարող է խնդիրներ հարուցել, ինչպես նաև` այն, որ Երևանի գլխավոր հատակագծով այդ մասում որևէ կառույց նախատեսված չէ: Հայտարարվել է ճարտարապետների մրցույթ, մինչև հոկտեմբերի 1-ը ներկայացված նախագծերը կքննարկենք, ու եթե տեսնենք, որ այդ նախագծերը խնդիրների առաջ են կանգնեցնում, այլ տարբերակ կմտածենք, իսկ այլ տարբերակներ մենք, իհարկե, ունենք: Բայց վերջնական որոշում դեռևս չկա»,- ասաց Ն. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Համազգային» պետական թատրոնն արդեն 20 տարի է` սեփական շենք չունի, և իր գործունեությունն իրականացնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում: