22/09/2012 15:21
Բակո Սահակյանն ներկայացրել է նորանշանակ արտգործնախարարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը Կարեն Միրզոյանին բնութագրել է որպես մեծ փորձ ունեցող կադրային դիվանագետ:
Նախագահի խոսքով՝ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքին կհաղորդվի նոր որակ: Բակո Սահակյանը նաև շնորհակալություն է հայտնել արտգործնախարարի նախկին պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին նրա գործունեության համար:
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին և արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին: