24/09/2012 11:23
ԵՀՄՖ-ն Սաֆարովի գորոծով դիմի ՄԻԵԴ և Հաագայի միջազգային դատարան
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը մտադիր է Սաֆարովի գործով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների միջազգային դատարան և Հաագայի միջազգային դատարան: Այս մասին հայտարարել է ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը Բրատիսլավայում կայացած մամլո ասուլիսում: Ֆորումի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, ներկա պահին աշխատում են իրավաբանության ոլորտում փորձագետների մի խումբ, ովքեր կկազմեն հայցը:
«Այն կարող է պատրաստ լինել արդեն մի քանի ամսից, և երբ այն ամբողջովին կվերջացնենք, հունգարա-ադրբեջանական գործը կհանձնենք դատարան»,- հայտնել է Աշոտ Գրիգորյանը:
Ա. Գրիգորյանը նաև նշել է, որ ԵՀՄՖ-ն հունգարական կառավարությունից սպասում է ներողության հայցում և ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հիմնավորում: «ԵՀՄՖ-ի դռները բաց են հունգարական կողմի հետ այս հարցը քննարկելու և կարգավորելու համար: Մենք կցանկանայինք լսել հունգարական կառավարության տեսակետը, բայց դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք հայցի պատրաստման գործընթացը», - ընդգծել է Աշոտ Գրիգորյանը:
ԵՀՄՖ-ն ենթադրում է, որ գործընթացի ժամանակ հունգարական կառավարության կողմից սխալ է թույլ տրվել, քանի որ վերջինս կարող էր ենթադրել, որ Սաֆարովն ազատ կարձակվի: «Մենք գիտենք, որ Հունգարիայի ղեկավարությունն այդքան միամիտ չէ` հավատալու, որ Սաֆարովն Ադրբեջանում բանտում կմնա, քանի որ 2005թ. նրա պատվին Բաքվում փողոց էր անվանվել»,- հայտնել է ԵՀՄՖ նախագահը:
ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա, որպեսզի վերջինս կրի պատիժն ազատազրկման վայրում: «Բավարար կլինի եթե ընդունեն, որ արտահանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել և այն շտկեն: Այդպիսով Հունգարիան «կմաքրվի»»,- նշել է Աշոտ Գրիգորյանը: