24/09/2012 10:05
Այսօր ԱԺ-ում կմեկնարկի 2011-ի բյուջեի կատարողականի քննարկումները
Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, կառավարության անդամների մասնակցությամբ, կմեկնարկեն ՀՀ 2011 թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: Ըստ առանձին ոլորտների նախնական քննարկումներից հետո հաշվետվությունը կընդգրկվի ԱԺ հոկտեմբերի 1-4-ի լիագումար նիստերի օրակարգ:
Նշենք, որ այս հաշվետվությունը պետք է քննարկեր դեռևս նախորդ գումարման ԱԺ-ն, սակայն չի քննարկել` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված:
ՀՀ կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովին հաստատել 2011 թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով՝ շուրջ 880,9 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 986,5 մլրդ դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 105,7 մլրդ դրամ:
Ըստ հաշվետվության, ծախսերի կատարողականը կազմել է 94.7%, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Շեղումը մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով (73.2%):
Եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.7%-ով` պայմանավորված պաշտոնական դրամաշնորհների կատարողականով, որը կազմել է 91.9%, քանի որ կանխատեսվածից 5.2 մլրդ դրամ պակաս է ստացվել:
Պակասուրդի ցուցանիշը կատարվել է 66.5%-ով: Շեղումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ պետական բյուջեի ներքին աղբյուրներում ելքերի ֆինանսավորմանն ուղղվող` 2011 թ.-ի տարեսկզբի ազատ միջոցներից նախատեսվածից պակաս է օգտագործվել, ինչպես նաև արտաքին աղբյուրներից քիչ վարկային միջոցներ են ստացվել:
Լուրը՝ «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության: