.jpg)
Մեղադրող դատախազ. «Սիվիլիթասի» իրավունքները չեն խախտվել
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքի քննությունը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Գործով դատավճիռը կհրապարկվի սեպտեմբերի 27-ին ժամը 10.45-ին:
Մեղադրող կողմի պահանջը վերաբերում էր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, որով դատարանը մերժել էր Վարդան Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը վերացնելու մասին:
«Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանի խոսքով` այդ որոշմամբ պետությունը ներխուժել է մասնավոր իրավահարաբերությունների մեջ, ինչպես նաև` վնաս է հասցվել «Սիվիլիթաս» հիմնադրամի պատվին և արժանապատվությանը, ուստի իրենք խնդրում են ամբողջությամբ վերացնել որոշումը:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը իր առարկություններում նշեց, որ «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանի կողմից 1.5 մլն ԱՄՆ դոլար պահվել և տնօրինվել է սեփական գիտությամբ, հիմնադրամին չի փոխանցվել, այն չի արտացոլվել փաստաթղթերում, դրանով իսկ վնաս է հասցվել հիմնադրամին, և հիմնադրամը պետք է շնորհակալություն հայտնի իրենց այդ բացահայտումը անելու համար, իսկ հիմնադրամի պատիվն ու համբավը կասկածի տակ չի դրվել:
Դատավորը հարց ուղղեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանին, արդյոք իրենք շահագրգռվա՞ծ չեն, որ այդ գումարի կորուստը բացահայտվի:
Ս. Ղազարյանի խոսքով` քննիչը բոլորովին այլ բանի մասին է խոսում. գումարի մի մասը միայն դեռևս հիմնադրամին չի տրվել` մոտ 600-700 հազար ԱՄՆ դոլար, ինչը իրենց և նվիրատուի գործն է, իսկ պետական ատյանները դրա հետ առնչություն չունեն:
Մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը ևս իր խոսքում նշեց, որ այդ որոշմամբ չի խախտվել «Սիվիլիթասի»` միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքներից և ոչ մեկը:
Նշենք, որ գործով նախորդ դատական նիստ չէր կայացել` մեղադրող դատախազի և քննիչի բացակայության պատճառով: