.jpg)
Գուրգեն Մարգարյանի ընկերը կդիմի միջազգային դատարաններ
Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է այսօր, նա կդառնար 34 տարեկան:
Այսօր նրա ընկեր, ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի Արդարադատության և Մարդու իրավունքների եվրոպական դատարաններ:
«Միջազգային դատարաններ դիմելու եմ Ադրբեջանի կողմից Սաֆարովին ազատ արձակելու որոշմամբ իմ անձի նկատմամբ մարդու իրավունքների խախտման և ազգային խտրականության փաստերով»,- նկատեց նա:
Թե երբ կդիմի, ժամկետները պարզ չեն, սակայն, Հ. Մուկուչյանի խոսքերով, պատրաստվում են համապատասխան փաստաթղթեր: Բանախոսը նաև շեշտեց, որ դեպքի վերաբերյալ ադրբեջանական բոլոր հայտարարությունները սուտ են և միջոց՝ այլատյացության քողի տակ գործած հանցագործությունը ներկայացնել որպես կենցաղային:
«Գուրգենը բարի հսկայի տպավորություն էր թողնում, բարի էր և ֆիզիկապես ուժեղ, ընկերասեր, մարդասեր, իսկ Սաֆարովը ոչ մի միջոցառման ակտիվ չէր մասնակցում: Եթե մեկ-մեկ չտեսնեինք, կարող է չհիշեինք: Սաֆարովին առաջին օրը տեսել էինք, բարևել, հարցրեց, թե Հայաստանի՞ց ենք, ասեց, որ եղբայրներ ենք»,- հիշեց Հ. Մուկուչյանը` հերքելով ադրբեջանցիների այն պնդումները, թե հայ սպաները ծաղրել են ադրբեջանցուն. «Սա բացարձակապես սուտ է` դատարանի վճռով հիմնավորված: Սկզբում տանում էին ոչ թե ազգային, այլ կենցաղային հող, աֆեկտի, հուզմունքի մեջ: Ապա սկսեցին նշել դրոշը, անարգանք, սակայն ընդհանրապես դրոշ չի եղել, և տարբեր ազգությունների մարդիկ իրենց ցուցմունքներում ևս հերքել են դա: Պարզապես Սաֆարովին փորձում էին հերոսացնել իրենց երկրում, բայց դրսում նրան արդարացնելու որևէ պատճառ էր պետք: Հետո հայտարարել էին, թե մենք ծաղրել և հարվածել ենք մեկ անգամ նրան, իսկ երբ վկայություններով դա հերքվեց, սկսեցին պնդել, թե ոտքերով ենք թաքուն հարվածել: Փաստարկների բացակայության դեպքում ամբողջ խոսակցությունը փոխվեց նրան, որ դեպքը զուտ կենցաղային է»:
Ոճրից փրկված սպան խորհուրդ տվեց իր գործընկերներին միջազգային նման բոլոր միջոցառումներին լինել առավելագույնս զգույշ և զգոն: «Առաջին հերթին զգոնություն է պետք, առավելապես այն մարդկանց ներկայության դեպքում, որտեղ մարդասպանությունը հերոսացվում է»,- եզրափակեց նա: