.jpg)
Հրաչյա Ռոստոմյան. «Որոշ ֆեդերացիաների ֆինանսավորումը կավելանա»
«Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է», սեպտեմբերի 26-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հրավիրված ֆեդերացիաների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է նախարար Հրաչյա Ռոստամյանը:
«Նախ կցանկանայի լսել կոնկրետ ծրագրեր և առաջարկներ ձեր ղեկավարած սպորտաձևերը զարցացնելու և մասսայականացնելու ուղղությամբ»,- ասել է նախարարը` հորդորելով ներկաներին լինել համարձակ ու անկաշկանդ` փաստելով, որ ինչպես նախարարության, այնպես էլ ֆեդերացիաների նպատակը սպորտի մասսայականացումը պետք է լինի, քանի որ հենց այդտեղից են աճում ապագա տիտղոսակիր մարզիկները:
«Եկեք արմատապես փոխենք մեր մոտեցումը սպորտի նկատմամբ, ավելի շատ մտածենք սպորտի մասսայականացման և ոչ թե ամեն գնով մեդալների արժանանալու մասին»,- ասել է Հ. Ռոստոմյանը և նշել, որ ինքը, պարբերաբար լինելով Երևանում և մարզերում գտնվող մարզասրահնեում, լավատեղյակ է տիրող իրավիճակին: «Գիտեմ` ինչպիսի պայմաններում են մարզվում մեր մարզիկները: Խնդիրները շատ են, բայց բոլորն էլ` լուծելի: Անհրաժեշտ է ուղղակի համակարգված և սրտացավ մոտեցում»,- ասել է նա:
Մասնակիցները տեղեկացրել են, որ, սրտացավությունից բացի, անհրաժեշտ են նաև ֆինանսական միջոցներ: Նրանք այսօրվա պետական ֆինանսավորման չափը համարել են անբավարար: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Ուրախացնելով ներկաներին` նախարար Հ. Ռոստոմյանը տեղեկացրել է, որ 30-50 տոկոսով կավելանա հանդիպմանը ներկա և պետական բյուջեից ֆինանսավորվող 15 ֆեդերացիաների ֆինանսավորման չափը: «Այսպես կոչված մեծ մարզաձևերի ֆեդերացիաները կկարողանան ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, մեր նպատակը փոքրերին աջակցելն է»,- շեշտել է նախարարը և զգուշացրել, որ անձամբ է վերահսկելու, որպեսզի պետական գումարները ծախսվեն խիստ նպատակային:
Նշենք, որ հանդիպմանը հրավիրված էին Հայաստանի մարմնամարզության, սամբոյի, ատլետիկայի, դահուկային սպորտի, հեծանվային սպորտի, սեղանի թենիսի, նետաձգության, լողի, կանոէի, ջրացատկի, ավանդական ուշուի, գեղասահքի, սինխրոն լողի, խոտի հոկեյի և բադմինթոնի ֆեդերացիաների ղեկավարները: