Pastinfo.am. կայք` յուրաքանչյուրի համար
26/09/2012 16:42

Pastinfo.am. կայք` յուրաքանչյուրի համար

Հայաստանյան լրատվական դաշտի իրավական ոլորտի բացը լրացնելու համար արդեն գործում է www.pastinfo.am իրավական, վերլուծական, տեղեկատվական կայքը: Այս մասին կայքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց կայքի գլխավոր խմբագիր Սասուն Մամյանը:

Կայքը, Ս. Մամյանի խոսքերով,  հնարավորություն կտա մի կողմից ընդլայնելու հասարակության իրավագիտության մակարդակը, մյուս կողմից` ապահովել իրազեկման մակարդակը դատաիրավական խնդիրների, քննարկումների, թեմաների վերաբերյալ. «Կայքն ընդգրկում է իրավական բարդ ու բազմաշերտ համակարգը` իր բոլոր ուղղություններով. հանրությանը ոչ միայն կտեղեկացնի, այլև իրավական գիտելիքներ կհաղորդի»:

Այս տարվա ապրիլի 1-ից «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ-ն` գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գործակալության աջակցությամբ` նախաձեռնել է իրազեկման ծրագիրը, որը, ըստ ՀԿ-ի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանի, նպատակ ունի ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառման միջոցով ընդլայնել հասարակության իրավագիտակցությունը, ինչպես նաև դատական ակտերի, օրենսդրության և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը:

Ծրագրի շրջանակներում նախ ստեղծվել է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, իսկ օգոստոսից գործարկվել է նաև www.pastinfo.am կայքը:

«Փաստինֆո» տեղեկատվական գործակալությունը դատաիրավական ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն է պատրաստում ու տարածում հայաստանյան յոթ տասնյակից ավելի կայքերին, տպագիր մամուլին, հեռուսաընկերություններին. «Մենք հասկացանք, որ այս ձևաչափով տեղեկատվության պատրաստումը պահանջված է հասարակության կողմից, իսկ կայքն արդեն լրացնելու է գործակալական ցանցի գործունեությունը»: 

Կայքի «Իրազեկման հարթակ», «Ըստ օրենքի», «Վերլուծություններ», «Տեսանյութ» բաժիններն ընթերցողներին իրազեկում են իրենց հիմնական իրավունքների, ազատությունների, որոշակի իրավական միջավայրերում որոշակի իրավական խնդիրների լուծման օրենսդրական կարգավորումերի մասին:

«Օրենքները, իրավական ակտերն այն աստիանի մատչելի են մատուցվում, որ քաղաքացին առանց մասնագետի օգնությամբ աստիճանաբար կկարողանա ինքնուրույն կողմնորշվել տվյալ իրավահարաբերության մեջ իր խնդիրները լուծելու ժամանակ»,- ասաց կայքի գլխավոր խմբագիրը` կոչ անելով իրավաբաններին, փաստաբանական կազմակերպություններին համագործակցել կայքի հետ, որից կշահեն ինչպես իրենք, այնպես էլ ընթերցողը:

Կայքի շնորհանդեսին ներկա  էր նաև Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն, ով  ասաց, որ այսօր իրավական գիտելիքներն անընդհատ քարոզելու, հասարակությանը ներկայացնելու կարիք կա: Ըստ նրա, թեև տարբեր ՀԿ-ներ, իրավաբական կազմակերպություններ զբաղվում են այդ խնդրով, բայց քիչ է, քանի որ առօրյա կյանքում իրավական գիտելիքներն ուշ են հասնում հասարակությանը և չտիրապետելու արդյունքում քաղաքացին գնում է անազնիվ գործարքի պետական կառույցի, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական համակարգի աշխատողների հետ: «Այս կայքը գալիս է մի փոքր լրացնելու այդ բացը»,- ասաց նա` մեծ հույսեր կապելով կայքի գործունեության հետ:

Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն էլ իր խոսքում նշեց, որ կայքը ինքնատիպ է, մատչելի: Նա կարևորեց այն փաստը, որ կայքում ոչ միայն ուղղակի ներկայացված են օրենսդրական ակտերը, այլ նաև տրված են դրանց մեկնաբանությունները:

Նշենք, որ կայքի շնորհանդեսին ներկա էին տարբեր իրավաբանական ու փաստաբանական ընկերությունների ներկայացուցիչներ, պետական կառույցներում աշխատող իրավաբաններ, ովքեր իրենց պատրաստակամությունը  հայտնեցին համագործակցել կայքի հետ: 

Pastinfo.am. կայք` յուրաքանչյուրի համար