Արգենտինայում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել  Բուդուին
28/09/2012 19:13

Արգենտինայում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Բուդուին

Սեպտեմբերի 27-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՀ փոխնախագահ Ամադո Բուդուին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական բաժնից:

Ըստ աղբյուրի` հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Ա. Բուդուն շեշտել է Արգենտինայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը: Արգենտինայի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերել հայ-արգենտինյան հարաբերությունների բազմակողմանի զարգացման գործում:

Դեսպան Մելիքյանն իր հերթին վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը երկու բարեկամ պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:

Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվել է Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ ԱՀ նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ է դրել արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:
 

Արգենտինայում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Բուդուին