.jpg)
Արմավիրում մեկնարկել է «Կինոաշուն – 2012»-ը
Աշնանյին կինոտոնը` «Կինոաշուն -2012»-ը հայկական կինոֆոնդի ամբողջական գունապնակով սեպտեմբերի 28-ից մեկնարկել է Արմավիրի մարզից: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից:
Ավանդական դարձած «Կինոաշուն-2012»-ը արմավիրցիները դիմավորել են ազգագրական երգ ու պարով, կրկեսային հետաքրքիր համարների կատարումներով: «Կինոաշուն` ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի նվիվում է հայկական կինոյի մեծ երախտավորի` Համո Բեկնազարյանի 120-ամյակին, և ի պատիվ վարպետի կինոտոնը սկսվել է նրա «Պեպո» ֆիլմով: Հայաստանի ազգային կինոկենտրոնը արմավիրցներին մատուցել է նաև կինոանակնկալ` ներկայացնելով նրանց արխիվային հազվագյուտ փաստագրական կադրեր Սարդարապատի հուշահամալիրի և հայկական ատոմակայանի կառուցման մասին:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշել է, որ ծրագրի մեկնարկը մարզերից պատահական չէ: Այն միտված է յուրաքանչյուր մարզում գոնե մեկ կինոակումբ կամ փոքրիկ կինոթատրոն ստեղծելուն` ծրագրի ավարտից հետո: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող այս մարզի բնակչության համար «Կինոաշունը» դարձել է իսկական տոն, երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ազգային կինոկենտրոնի տնօրեն, «Կինոաշուն`ազգային կինոյի ամիս» ծրագրի հիմնադիր Գ.Գևորգյանի առաջարկով խոստացել է Արմավիրում ստեղծել կինոթատրոն: Մարզպետը նշել է, որ ցանկացած շփում մշակույթի հետ ազնվացնում և բարիացնում է մարդու, իսկ ազգային արժեքների հետ շփումը կրթում է սերունդներին:
Կինոաշնան բացման արարողությանը ներկա են եղել անվանի դերասաններ և ռեժիսորներ, կինոոլորտի հայտնի գործիչներ: