.jpg)
Ալավերդիում նոր քաղաքային աղբավայր է ստեղծվել
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Ալավերդիում ներկա է գտնվել կոշտ կենցաղային թափոնների նոր քաղաքային աղբավայրի շահագործման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից:
Աղբյուրի փոխանցմամբ, աղբավայրը կառուցվել է քաղաքի հյուսիսային մասում`4,6 հա տարածքի վրա: Շինարարական աշխատանքներն սկսվել էին անցած տարի նոյեմբերին: Ծրագրի ընդհանուր արժեքը 151,4 մլն դրամ է, որից 61,4 մլն դրամը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով, 90 մլն դրամը` Ալավերդու համայնքային բյուջեից: Այդ նպատակին են ուղղվել հիմնականում համայնքային բյուջե մուտքագրված բնապահպանական վճարները: Աղբավայրը տարեկան շուրջ 3500-3800 խմ աղբի կուտակման հնարավորություն ունի, նախնական հաշվարկներով այն կարող է քաղաքին ծառայել մի քանի տասնամյակ: Աղբավայրը կառուցելիս պահպանվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, կատարվել է նաև բնապահպանական փորձաքննություն:
Փոխվարչապետը քաղաքի և Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքների համար կարևոր է համարել նման ծավալի աղբավայրի կառուցումը, ինչը հնարավորություն կտա բնակչությանն այս ոլորտում ավելի որակյալ ծառայություններ մատուցել և աղբահանության աշխատանքներն արդյունավետ ու գործող նորմերին համապատասխան կազմակերպել: Նա ողջունելի է համարել, որ ծրագրին խոշոր ներդրումով մասնակցել է համայնքը` վստահեցնելով, որ սեփական համայնքը բարեկեցիկ դարձնելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն աջակցություն կստանա նաև կառավարության կողմից: Ա. Գևորգյանը հույս է հայտնել, որ Ալավերդու օրինակը տարածում կունենա նաև մյուս համայնքներում, և համայնքային նշանակության ծրագրերի իրականացման ավելի շատ նախաձեռնություններ կլինեն:
Փոխվարչապետը եղել է նաև Ալավերդու բժշկական կենտրոնում, ծանոթացել գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում: Զեկուցվել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսին և ծրագրվում է ավարտել հաջորդ տարվա սկզբին: Նախատեսվում է նաև մասնաշենքի վերազինում:
Ալավերդուց փոխվարչապետը մեկնել է Սանահին, այստեղ ևս ծանոթացել վանքի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Կառավարությունն այդ նպատակով հատկացրել էր 18 մլն դոլար, ներկայումս կատարվում են վանքի տանիքի նորոգման աշխատանքներ:
Այցի շրջանակում փոխվարչապետն այցելել է նաև Դիլիջան, եղավ միջազգային դպրոցի շինհրապարակում: Պատասխանատուների հետ քննարկվեցին շինարարական աշխատանքների կազմակերպման, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, դրանց որոշ հատվածների տեղափոխման հետ կապված հարցեր: