.jpg)
«Ավելի լավ է քիչ ծրագրեր նախատեսենք, բայց լիովին իրականացնենք»
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քարեն Հիլլարդին։ Իր հյուրին շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Դերենիկ Դումանյանը նշել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ առողջապահության նախարարության վաղեմի ու վստահելի գործընկերն է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:
«Մենք միասին բազմաթիվ հաջողված ծրագրեր ենք իրականացրել և շարունակում ենք համատեղ աշխատել։ 2010թ. ստորագրված համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտներն ընդլայնվել են։ Ես անչափ կարևորում եմ մոր և մանկան առողջության պահպանման, մանկական վերակենդանացման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: Իսկ մանկական կուրության դեմ պայքարի ծրագիրը Հայաստանի առողջապահությունը ճանաչելի կդարձնի տարածաշրջանում»,- ասել է Դերենիկ Դումանյանը։
Քարեն Հիլլարդը, բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունքները, հավելել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կարևորում է իրականացվող բոլոր ծրագրերը։ Նա ՀՀ առողջապահության նախարարից փորձել է ճշտել, թե ինչպե՞ս են առողջապահության բազմաթիվ ծրագրերն իրականացվում եղած փոքր բյուջեով։
«Ինքս կառավարության անդամ եմ և լավ եմ պատկերացնում, որ պետությունն այսօր սուղ հնարավորություններ ունի։ Ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ ավելի լավ է քիչ ծրագրեր նախատեսենք, բայց ամբողջությամբ իրականացնենք»,-ասել է նախարարը։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագրի միջնաժամկետ գնահատում պետք է իրականացվի, որում ակնկալում է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը։
Նախարար Դումանյանը թե աջակցության, թե հետագա արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։