.jpg)
Առողջապահության նախարարության ընդհանուր ծախսերը կազմել են 66 մլրդ
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են 2011 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ծախսերի ուղղվածությունը:
Առողջապահության նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 62 ծրագիր, կառավարության պահուստային ֆոնդից ևս հատկացվել են միջոցներ: Առողջապահության նախարարության ընդհանուր ծախսերը կազմել են 66 մլրդ 640 մլն դրամ, իսկ կատարողականը` 95,64 %: Հիմնական ծրագրերը, որոնց համար կատարվել են վճարումներ, ներառված են եղել «առողջապահություն բյուջետային» դասակարգման մեջ:
Դեղագործական ապրանքների ձեռքբերմանն ուղղվել է 4,1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 96,5% կատարողական, արտահիվանդանոցային ծառայությունների ձեռքբերմանը տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 97,6% կատարողական, հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման ծախսերը կազմել են 27 մլրդ դրամ` ապահովելով 99% կատարողական: Լաբորատոր - գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսերը կազմել են 2,8 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 97,3% կատարողական:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով` նախարարության ամբողջ բյուջեի ծախսերի 35%-ը ուղղվել է արտահիվանդանոցային ծրագրերի իրականացմանը, առողջության առաջնային պահպանման ծախսերը կազմել են 36,5%-ը, մասնագիտացված բժշկական օգնության ծառայության միջոցները` 24,8%-ը: Մայրության և մանկության ծառայության ծախսերը կազմել են կեսից ավելին: