.jpg)
Հյուսիսային Օսիայում հայերի նկատմամբ ազգային խտրականություն չկա
Սեպտեմբերի 23-27–ը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և ԱՊՀ վարչության կովկասյան բաժնի պետ Տարոն Շագոյանը Հյուսիսային Օսեթիայի հանրապետությունում մասնակցել են Ալանիայի Հանրապետության նախագահ Թեյմուրազ Մամսուրովին` կառավարման և քաղաքականության «Սանանոր» գիտահետազոտական ինստիտուտի հուշամեդալով պարգևատրման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, ինստիտուտի ուսումնասիրության արդյունքներով` ՌԴ տարածաշրջան հանդիսացող Հյուսիսային Օսիայում ազգամիջյան հարաբերությունները գտնվում են առողջ հիմքերի վրա և հայերի նկատմամբ ազգային խտրականության դրսևորումներ չկան, ինչի համար սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության նախագահի պալատում հանդիսավոր պայմաններում Թեյմուրազ Մամսուրովին հանձնվել է «Ոսկի Մեդալ»:
Ինստիտուտի ղեկավար` Արտուշ Զուրաբյանի հանդիսավոր խոսքից ու մեդալի հանձնումից հետո, ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի անունից` հայ համայնքի նկատմամբ դրսևորած հոգատարության համար Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության նախագահ Թեյմուրազ Մամսուրովին շնորհակալական խոսք է ուղղել ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և նվիրել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակված գրքեր:
Ալանիայի նախագահը ջերմությամբ է արտահայտվել հանրապետությունում ապրող հայերի մասին, անդրադարձել հայ-ալանական հարաբերությունների վաղեմությանը, որոնք գալիս են դարերի խորքից և Արտաշեսի ու Սաթենիկի օրինակով հիշել երկու արքայատոհմերի և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը:
Պատվիրակության անդամները, այդ թվում ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, եղել են Վլադիկավկազի հայկական եկեղեցում, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել համայնքում հայապահպանությանն ուղղված ծրագրերին:
Ներկաները գոհունակությամբ ընդունել են նաև «Սանանոր» գիտահետազոտական ինստիտուտի կողմից Հյուսիսային Օսեթիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդան Մարկոսյանցին և Մոզդոկի նախկին քաղաքապետ Գեորգի Ադամովին ինստիտուտի պրոֆեսորի կոչում շնորհելու փաստը:
Վերադարձին Հայաստանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսի, որտեղ Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հանդիպում կայացել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: