Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 59 մլրդ
28/09/2012 18:26

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 59 մլրդ

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են 2011 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այն հիմնական աշխատանքները, որ իրականացրել է նախարարությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և վերջինիս համակարգում գտնվող սոցիալական ապահովության պետական ծառայություները հաշվետու տարում իրականացրել են 98 ծրագրեր, կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել են լրացուցիչ միջոցներ: Հաշվետու տարում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 59 մլրդ դրամ:

Կատարողականը 86,8% է: Մեծ տեսակարար կշիռ ունի նախարարության բյուջետային դասակարգման «սոցիալական պաշտպանություն» բաժնով նախատեսված և իրականացված ծրագրերի չափը` 58,6 մլրդ դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը: 2011-ին նախարարության համար գերակա ուղղություններ են եղել կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրացված սոցիալական ծառայությունների ներդրումը և երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Նախարարի տեղեկացմամբ` բոլոր ծրագրերի կատարողականը գրեթե 100% է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 59 մլրդ