.jpg)
Հ.Հակոբյան. Պետտուրքի վճարումը խնդրահարույց է սիրիահայերի համար
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու և դրա ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելուն, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պատգամավորներին ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի վճարումը ծանր վիճակում հայտնված սիրիահայերի համար խնդրահարույց է դարձել:
Հայրենիք վերադարձող, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է Հայաստան մուքտի վիզա՝ հիմնականում 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով, և հաշվի առնելով, որ հայրենիք վերադարձածները շարունակում են բնակվել Հայաստանում, առաջացել է նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաև կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն:
Նախագծով պետական տուրքի մասով արտոնություն է սահմանվում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ ազատելով նրանց ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի վճարումից:
Հարցը համարելով հրատապ՝ օրենքի նախագծի քննարկման համար գլխադասային նշանակված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկության արդյունքում դրական եզրակացություն է տվել նախագծին` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար և առաջարկել է երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: