Փոփոխությունների նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում
28/09/2012 20:22

Փոփոխությունների նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Տաճատ Վարդապետյանի նախագահությամբ քննարկել է «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա նշել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն Կարմիր գրքերում գրանցված Հայաստանի կենդանիների և բույսերի ոչնչացման (վնասման) արդյունքում պատճառված վնասի հատուցման հաշվարկման և գանձման իրավահարաբերությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն է տվել` նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկել և ԱԺ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրինագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքերի հետ կապված որոշակի դրույթներ: 

Փոփոխությունների նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում