.jpg)
Օսկանյանը դեսպանների հետ քննարկել է դատախազի միջնորդագիրը
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ԵՄ անդամ երկրների դեսպանների, ինչպես նաև` ԱՄՆ-ի, Բրազիլիայի դեսպաններին ներկայացրել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը, ինչպես նաև` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը այդ կապակցությամբ: Այս մասին նա հետևյալ գրառումն է թողել ֆեյսբուքյան իր էջում.
«Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպում կայացավ ԵՄ անդամ երկրների դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի դեսպանների մասնակցությամբ: Ներկա էին նաև Հայաստանում ԵՄ դեսպանը, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները:
Նրանց հետաքրքրում էր ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագիրը, դրա հիմնավորումները, հարցի հետ կապված հնարավոր հետագա զարգացումները և նույն մտահոգությունները «Սիվիլիթաս» հիմնադրամի մասով: Նրանց հետաքրքրում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն դատախազի միջնորդագրի վերաբերյալ:
Ես ցույց տվեցի ինձ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրի անհիմն լինելը՝ տրամադրելով իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը»: