Փոքր տնտեսվարողներն իրավունքներ ունեն, որոնցից չեն օգտվում
29/09/2012 18:29

Փոքր տնտեսվարողներն իրավունքներ ունեն, որոնցից չեն օգտվում

Խոշոր տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների հետևանքով փոքր տնտեսվարողների սննկացման դեպքում` վերջիններս կարող են դիմել դատարան և դատական ընթացակարգերի միջոցով ստանալ փոխհատուցում:

Այսօր Հանքավանում ընթացող պետական գնումներին նվիրված սեմինարի ժամանակ այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նշենք, որ տուգանքների դեպքում` տուժող կողմը փոխհատուցում չի ստանում, ողջ գումարը գանձվում է պետբյուջե, այսպիսին է ՀՀ օրենսդրությունը:

Հարցին, թե արդյոք բենզինի շուկայում խոշոր տնտեսվարողների կողմից սննկացված փոքր  տնտեսավարողներն օգտվե՞լ են իրենց այս իրավունքից և դիմե՞լ են դատարան, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:

Հարցին պատախասնեց նաև Գերմանիայի Դաշնության մրցակցության պաշտպանության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Հանս-Հելմուտ Շնայդերը: Նա նշեց, որ Գերմանիայում կա նույն օրենսդրությունը, և դա խնդիր է նաև Գերմանիայում: Տուժողները կարող են դիմել դատարան, սակայն դատական գործընթացները կարող են ձգվել հինգ-վեց տարի, քանի որ նման պահանջները դժվար են ապացուցվում:

Սակայն ԵՄ-ում փորձում են այս խնդրին ավելի հեշտ լուծում գտնել: Գերմանացի փորձագետի փոխանցմամբ` դեռևս մեկ կարծիքի չեն հանգել, սակայն գիտակցում են, որ պետք է գտնել հակամրցակցային գործողություններ հետևանքով տուժած փոքր տնտեսվարողներին փոխհատուցում տալու լուծումները:

Փոքր տնտեսվարողներն իրավունքներ ունեն, որոնցից չեն օգտվում