Վաղաժամ մահերի 80 %-ից կարելի է խուսափել, եթե հսկվեն ռիսկերը
29/09/2012 17:24

Վաղաժամ մահերի 80 %-ից կարելի է խուսափել, եթե հսկվեն ռիսկերը

2000 թվականից ի վեր` ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օրը: Այս տարի Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է` «Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ»:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ որպես 2011 թվականին մեկնարկած «Ընտանիքի առողջ սիրտ» թեմայի շարունակություն` 2012-ը պետք է լինի սրտանոթային հիվանդությունների կանխարգելման տարի կանանց և երեխաների համար: Սրտանոթային հիվանդությունները սովորաբար համարվում են տարեց մարդկանց կամ տղամարդկանց հիվանդություններ: Կանայք թերագնահատում են իրենց սրտանոթային հիվանդությունների ռիսկը, չնայած որ տարեկան 17,3 միլիոն մահացության կեսը բաժին է ընկնում հենց նրանց: Երեխաները ևս ռիսկի խմբի մեջ են, քանի դեռ պատշաճ ուշադրություն չի դարձվում նրանց առողջ կենսակերպին: Եթե սրտի առողջությանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, ապա այսօրվա երեխաները վաղը կընդգրվեն սրտանոթային բարձր ռիսկի խմբի մեջ: Կանայք և մայրերը հաճախ իրենց ընտանիքի առողջության պահապաններն են, հետևաբար սրտի առողջության պահպանման բանալին հենց նրանց ձեռքում է:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը:

Ըստ 2011 թվականի Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների` Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բուրգում հիվանդություններն ունեն հետևյալ հաջորդականությունը. արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 48%, չարորակ նորագոյացություններ` 19.9%, շաքարային դիաբետ` 4.8%, վնասվածքներ և թունավորումներ` 4.9%:

2011 թվականին Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության մակարդակը (48%) գրեթե 2.7 անգամ գերազանցել է տարածվածության (17.3%) մակարդակին:

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների կառուցվածքում առավել տարածված են հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի անոթային հիվանդությունները:

Այս ամենն արդյունք է այն բանի, որ մեր բնակչությունը վարում է ռիսկային վարքագիծ: Հայաստանի Հանրապետության չափահաս բնակչության շրջանում 2009 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյուքներով բարձր է ծխախոտի օգտագործումը, խնդիր են գիրությունը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, արյան բարձր ճնշումը:

Աղբյուրը նաև նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են: Սրտային հիվանդություններից ու կաթվածից ամեն տարի ամբողջ աշխարհում 17,3 միլիոն մարդ է մահանում ու տարեցտարի այդ թիվն աճում է: Կանխատեսվում է, որ 2030-ին այդ ցուցանիշը կհասնի տարեկան 23 միլիոնի, որն ավելին է, քան Ավստրալիայի բնակչությունը:

Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սրտային հիվանդություններից և ինսուլտից վաղաժամ մահերի առնվազն 80%-ից հնարավոր կլինի խուսափել, եթե հսկվեն հիմնական ռիսկի գործոնները` ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը: 

Վաղաժամ մահերի 80 %-ից կարելի է խուսափել, եթե հսկվեն ռիսկերը