.jpg)
Գ. Բեգլարյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը
Գագիկ Բեգլարյանը ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ավագ պետական կառավարման մասնագետ Եշիմ Էլհան-Քայալարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Եշիմ Էլհան-Քայալարը նշել է, որ այցի նպատակն է անդրադառնալ տրանսպորտի և կապի նախարարության գերակա ուղղություններին, քննարկել ենթակառուցվածքների սպասարկմանն ու պահպանմանն ուղղված երկկողմանի համագործակցության հետագա ընթացքը, հստակեցնել ապագա ծրագրերի մասին պատկերացումները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային խնդիրներից մեկը կառուցվող ճանապարհների բարձր որակի, սպասարկման ժամկետների ավելացումն ու դրանց արդյունավետության մեծացումն է: «Մենք կարևորում ենք, որ պետական բյուջեով և վարկերով կառուցված ճանապարհները երկար դիմանան, տեխնիկապես սպասարկվեն այնպես, որ ճանապարհի աշխատանքն ավելի երկար գնահատենք: Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կզբաղվեն ճանապարների երկարակեցության ապահովմամբ»,- նշել է նախարարը:
Համաձայնելով Գագիկ Բեգլարյանի հետ՝ Եշիմ Էլհան-Քայալարն առաջարկել է նախարարի ղեկավարությամբ կազմակերպել քննարկում և կատարել ուսումնասիրություն՝ պարզելու ճանապարհների որակի խաթարման հիմնական թիրախը: Նրա խոսքով՝ պետք է մշակել մի քանի մոտեցումներ և ընտրել դրանցից ամենաարդյունավետը:
Կողմերը համակարծիք են եղել նաև նրանում, որ տրանսպորտի և կապի նախարարութան համար խիստ կարևոր են ոչ միայն ճանապարհների որակի և ստանդարտների մշակումն ու ապահովումը, այլև ծառայություններից օգտվողների շահերի պաշտպանությունը:
Հանդիպման ավարտին Գագիկ Բեգլարյանը և Եշիմ Էլհան-Քայալարը վստահություն են հայտնել, որ բոլոր հիմքերը կան ստեղծված համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար: