ՆԱՏՕ-ի հետ համատեղ գիտաժողով` Երևանում
29/09/2012 14:54

ՆԱՏՕ-ի հետ համատեղ գիտաժողով` Երևանում

Երևանում այսօր մեկնարկեց «Տեխնոլոգիական նվաճումները քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական, միջուկային և պայթուցիկ նյութերի բարձր արդյունավետությամբ հայտնաբերման, վնասազերծման և զարգացման ասպարեզներում» խորագրով գիտական աշխատաժողովը, որի կազմակերպիչն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ): Միջոցառումն ընթանում է «NATO-ն` հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի շրջանակներում և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը:

Աշխատաժողովին մասնակցելու է եկել աշխարհի 20 երկրներից շուրջ 34 գիտնական: Գիտաժողովի համանախագահներն են ՀՊՃՀ պրոֆեսոր Սուրիկ Խուդավերդյանը և Վիրջինիայի Առաջատար գիտության և միջազգային համագործակցության և Մաքուր ջրի պաշարների ինստիտուտների տնօրեն, ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատող Աշոկ Վասեաշտան:

Ողջույնի խոսքում Սուրիկ Խուդավերդյանը շեշտեց, որ նման գիտաժողովը բացառիկ է Հայաստանի համար և աշխատաժողովին մասնակից երկրների փորձը ուսանելի կլինի նաև մեր երկրի տնտեսության համար:

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել տեսական, գործնական և տեխնոլոգիական մշակումներ սենսորային զարգացումների վերաբերյալ, որոնք ուղղված են քիմիական, կենսաբանական, օպտիկական և ռադիացիոն հնարավորություններով կենսաօբյեկտներում վնասակար նյութերի, թմրանյութերի և պայթուցիկ նյութերի հայտնաբերմանը: Բացի այդ, այն հնարավորություն կտա բացահայտել կոմպլեքս մշակման ալգորիթմեր, ինչը թույլ կտա իրականացնել բարդ համակարգային հսկողություն`  կենսական անհրաժեշտության օբյեկտներում: Աշխատաժողովի ընթացքում դիտարկվելու է նաև ահաբեկչության և տարերային աղետների դեմ պայքարի հնարավորությունները, իսկ փորձի փոխանակման շնորհիվ կոմպլեքս եղանակների մշակում`  ոչ ավանդական մարտահրավերներին դիմակայելու համար:

Խոսելով գիտաժողովի արդյունավետության մասին`  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է գիտության ձեռբերումների հիման վրա տնտեսության հնարավոր զարգացման հեռանկարների մասին, և այս աշխատաժողովը ևս մի խթանող հնարավորություն է:

«Գիտնականների աշխատանքի համաչափությունը և միջազգային պահանջներին համապատասխանեցնելը, այս համագործակցության ընթացքում ձեռքբերված,   համատեղ աշխատանքներն ընդհանուր ծրագրերում շատ կարևոր արդյունքներ կարող են տալ և աշխատանքի ճաշակի ձևավորման տեսակետից, և միջազգայնորեն կարևոր խնդիրներում մեր գիտնականների մասնակցության տեսանկյունից: Սա է Հայաստանում նման միջոցառում կազմակերպելու հիմնական նպատակը», - ասաց նա, հավելելով, որ շատ է կարևորում Հայաստանի գիտական կազմակերպությունների մասնակցությունը նման աշխատաժողովներին:

Աշխատաժողովի ընթացքում հնչեցրած առաջարկությունների և համաձայնությունների իրականացման մեխանիզմը, Ա. Ավետիսյանի փոխանցմամբ, գիտության ավելի կիրառելի դարձնելն է և նորարարության տակտիկական մոտեցումը: «Թե ինչ տեմպերով մենք կհասնենք արդյունքների,  կապված է այն գործիքակազմից, լաբորատորիաներից, տեխնիկական հնարավորություններից, որոնք ունի գիտակրթական հաստատությունը: Այստեղ ակնհայտ առաջընթաց կա և կարելի է տեսնել, որ աշխատանքային պայմանները և գործիքակազմը լրջորեն փոխվել են: Բացի այդ` մենք արդեն համատեղ աշխատանքի մեծ փորձ ունենք», - նշեց Ա.Ավետիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ աշխատաժողովի շրջանակներում նախատեսված է եզրափակիչ փաստաթղթրի ստորագրումը. «Կարծում ենք, կստանանք լավ երաշխավորություններ, թե ինչ ուղղությամբ և ինչ խնդիրներով զբաղվենք»:

ՆԱՏՕ-ի հետ համատեղ գիտաժողով` Երևանում