ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ խնդիրը
29/09/2012 10:54

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ խնդիրը

 

Նյու Յորքում նախօրեին կայացել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման հիմնական հարցերն էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և Դուբլինում կայանալիք՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները:

 

Նույն աղբյուրի հաղորդմամբ, ՄԱԿ-ում ՀՀ մշատական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը` կառույցի նախագահ դեսպան Աարոն Յակոբի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվելն Հարավային Կովկասի տարաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Հայաստանի ԱԳ նախարարի և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի զրույցի ժամանակ անդրադարձ է արվել ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն են հայտնել հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ:

Նախարարները քննարկել են անցյալ տարի ՀՀ Նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը և այդ շրջանակներում ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացին: Հունաստանի արտգործնախարարը ներկայացրել է տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի արտգործնախարարի և Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:

 

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ խնդիրը