Հայաստանում 4-րդ անգամ կնշվի զբոսաշրջության համաշխարհային օրը
29/09/2012 18:33

Հայաստանում 4-րդ անգամ կնշվի զբոսաշրջության համաշխարհային օրը

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառում և զբոսաշրջության բնագավառում ներդրած ավանդի համար անձանց պարգևատրման արարողություն: Միջոցառմանը ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Զբոսաշրջության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով և ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրերով կպարգևատրվեն զբոսաշրջության բնագավառի մի շարք ներկայացուցիչներ:

Միջոցառմանը կմասնակցեն նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչներ (զբոսաշրջային օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ, զբոսավարներ, ուսումնական հաստատություններ), պետական և մասնավոր, գիտական և ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլն:

Զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է 1979 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհուրդն Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքում 1979թ. սեպտեմբերին կայացած իր 3-րդ նստաշրջանի ընթացքում առաջարկեց յուրաքանչյուր տարի հիշատակել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրության հաստատման օրը (1970թ. սեպտեմբերի 27-ին):

Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել համաշխարհային հանրության իրազեկությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ:

Հատկանշական է, որ զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է տարվա այնպիսի ժամանակահատվածում, որը հանդիսանում է զբոսաշրջային ակտիվ սեզոնի ավարտ հյուսիսային կիսագնդում և սկիզբ` հարավային կիսագնդում: 

Հայաստանում 4-րդ անգամ կնշվի զբոսաշրջության համաշխարհային օրը