Հայաստանը մեր աչքերով. Ներկայացնում  են կամավորները
29/09/2012 18:50

Հայաստանը մեր աչքերով. Ներկայացնում են կամավորները

Այսօր Նարեկացի արվեստի միությունում կայացել է Սլովակիայից ժամանած կամավորներ Իվանա Ստուխլիկովայի և Ստանիսլավա Դուռայովայի «Հայաստանը մեր աչքերով» ծրագրի ներկայացումը: Այս մասին հայտնում են Նարեկացի արվեստի միությունից:

Աղջիկները Հայաստան են ժամանել Սլովակիայից 2 ամսով` Երիտասարդական ակումբների դաշնություն (FYCA) ՀԿ-ի շնորհիվ, իսկ Հայաստանի մշակութային կյանքին ավելի լավ ծանոթանալու, ինչպես նաև իրենց ժամանակն արդյունավետ ձևով կազմակերպելու նպատակով նրանք մեկ ամիս շարունակ հաճախել են նաև Նարեկացի արվեստի միություն: 

Այս ընթացքում կամավորները հասցրել են նաև շրջել Հայաստանով և տարբեր լուսանկարներ անել: ՆԱՄ-ում նրանք ցույց են տվել հենց այդ լուսանկարները, պատմել են իրենց` Հայաստանի մասին տպավորություններից, ներկայացրել են նաև Նարեկացի արվեստի միությունն ու ԵԱԴ-ը (FYCA)` իրենց ընկալմամբ: «Մենք քիչ ժամանակ ունեինք Հայաստանն ամբողջությամբ ճանաչելու համար, սակայն ինչքան որ հասցրեցինք ճանաչել, կարող ենք փաստել, որ Հայաստանը հրաշալի երկիր է, այստեղի մարդիկ անչափ հյուրասեր են, սա մեծ սրտով մարդկանց փոքր երկիր է, և մենք մեծ ափսոսանքով ենք լքում Հայաստանը»,- ասել է Ստանիսլավան: Նրա խոսքերով՝ Հայաստանում անցկացրած օրերն անմոռանալի են, և ինքը հույս ունի` նորից կգա Հայաստան:

«Խորապես շնոհակալ ենք նաև ԵԱԴ-ին մեր կամավորական ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար, մենք Հայաստանի մասին շատ բան իմացանք, ինչ-որ չափով նաև հայերեն սովորեցինք: Շնորհակալ ենք նաև ՆԱՄ-ին, քանի որ այստեղ մեզ սիրով ժամանակ տրամադրեցին, ընդունեցին հարազատների պես ու նոր բաներ սովորեցրին»,- նշել է Իվանան:

ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ կարևորել է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրը, որի շնորհիվ երիտասարդները եվրոպական երկրներից ու Հայաստանից կարող են մինչև մեկ տարի կամավորական աշխատանքներ իրականացնել և հարուստ փորձ ու գիտելիքներ ձեռք բերել մեկ այլ երկրում: Նա նաև նշել է, թե հաճելի է Հայաստանը տեսնել հենց օտարերկրացիների աչքերով` հույս հայտնելով նորից տեսնել նրանց Հայաստանում: 

Հայաստանը մեր աչքերով. Ներկայացնում են կամավորները