.jpg)
Բնակչության 30 տոկոսը զարկերակային գերճնշման խնդիր ունի
Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ` ողջ աշխարհում այսօր նշվում է սրտի համաշխարհային օրը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր սրտաբան, Առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի տնօրեն Պարունակ Զեյվելյանը նշեց, որ օրվա խորհրդի համաձայն` այս օրը հանրության ուշադրությունը պետք է սևեռվի սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման վրա:
Աշխարհում տարեկան 17 մլն մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից. կանխատեսվում է, որ 2030-ին այդ թիվը կհասնի 23 մլն-ի:
«Այդ պատճառով էլ Սրտի համաշխարհային ֆեդերացիան որոշել է տարվա մեջ մեկ օր մարդկանց ուշադրությունը սևեռել այդ խնդիրների վրա: Դա նաև հնարավորություն կտա ինչ-որ ձևով նվազեցնել հիվանդությունների և մահացությունների թիվը»,- ասաց Պ. Զեյվելյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ մասնագետի, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մահացությունների 50 %-ից ավելին սրտանոթային բարդություններին է բաժին ընկնում:
Պ. Զեյվելյանի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մահացության 80 տոկոսը հնարավոր է նվազեցնել ռիսկի գործոնների` ալկոհոլի, ծխախոտի, անառողջ սննդի, թերակտիվության վերացման դեպքում: Այսինքն՝ կենսակերպի փոփոխության, առողջ ապրելակերպի քարոզչության դեպքում` սիրտ-անոթային հիվանդությունները ակնհայտորեն կնվազեն. «Խնդիրն արդիական է և բավականին լուրջ»,- ասաց սրտաբանը:
Պ. Զեյվելյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է սրտանոթային հիվանդությունների բացահայտման երիտասարդացում, այսինքն` երիտասարդներն արդեն սկսել են գիտակցել իրենց առողջության կարևորությունը և դիմել բժիշկների: Նրա փոխանցմամբ՝ միայն Երևանի չափահաս բնակչության յուրաքանչյուր 3-րդ անդամը կամ բնակչության 30 տոկոսը զարկերակային գերճնշման խնդիր ունի, ինչը ժամանակին չհայտնաբերելու և գրագետ բուժում չիրականացնելու հետևանքով կվերածվի լուրջ բարդությունների:
Նա տեղեկացրեց, որ այս տարի Սրտի համաշխարհային ֆեդերացիան սրտի համաշխարհային օրը նշում է «Մեկ աշխարհ, մեկ տուն և մեկ սիրտ» խորագրի ներքո. դա նշանակում է, որ առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն կանանց և երեխաների առողջությանը, քանի որ հետազոտված և փաստված է, որ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերելիությունն ավելի ցածր է կանանց մոտ: Պատճառներն հետևյալն են՝ կանայք ավելի քիչ են դիմում բժիշկի, ավելի քիչ են գանգատվում առողջական խնդիրներից, իրենց օրգանիզմի նկատմամբ ավելի հանդուրժող են:
Սրտաբանը ռիսկի գործոններից առանձնացնելով ավելցուկային քաշը, նշեց, որ օրինակ՝ դպրոցահասակ երեխաների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը մոտ 40 տոկոս է, նույնքան էլ՝ ճարպակալությունը:
«Երեխաների գերակշիռ մասը անառողջ կենսակերպով է ապրում՝ ինչպես սննդի, այնպես էլ թերակտիվության հետ կապված: Այսինքն, եթե այս տեմպերը շարունակվեն, ապա սրտանոթային հիվանդությունների թիվը կաճի: Հաշվի առնելով դա, Սրտի համաշխարհային ֆեդերացիան ընտրել է «Մեկ աշխարհ, մեկ տուն և մեկ սիրտ» խորագիրը, որպեսզի մայրերը իրենց երեխաների սննդակարգին առավել մեծ ուշադրություն դարձնեն, երեխաներին ստիպողաբար չկերակրեն և այլն»,- ասաց նա՝ հավելելով, որ «առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսը տեղին է բոլոր ժամանակներում:
Ինչ վերաբերում է եղանակային փոփոխություններով պայմանավորված խնդիրներին, Պ. Զելվեյանը նշեց, որ եթե օրգանիզմն ունի ինչ-որ խնդիր, ապա դժվարությամբ է հարմարվում ինչպես եղանակային, այնպես էլ այլ փոփոխությունների: Բժիշկը սրտանոթային հիվանդությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տալիս հատկապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առավել հաճախ խորհրդակցել բժիշկների հետ: