.jpg)
Հարսնաքարի» գործով դատական նիստ հետաձգվեց
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, կայացավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպանի միջնորդությամբ:
Նիստի սկզբում դատավորը ներկայացրեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանից ստացված ձեռագիր դիմումը, ինչպես նաև նրա պաշտպան Հովհաննես Հարությունյանի դիմումը, որով նրանք հայտնում են, որ փոխադարձ համաձայնությամբ խզում են իրենց պայմանագիրը: Ա.Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել գործում որպես իր պաշտպան Վ. Գևորգյանին ներգրավելու համար: Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը:
Վ. Գևորգյանը միջնորդեց, որ դատական նիստը հետաձգվի և իրեն տրվի երկու շաբաթ ժամանակ`գործի նյութերին ծանոթանալու համար: Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը առարկեց, որ այդ ժամկետը ողջամիտ չէ, և պետք է ժամանակ տրամադրվի մինչև հոկտեմբերի 10-ը: Վ.Գևորգյանը առարկեց, որ այդ ժամկետը իր համար բավարար չէ, սակայն դատավորը որոշում կայացրեց, որ հաջորդ դատական նիստ կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 14.30-ին:
Այս դատական նիստին ևս ներկա չէին տուժողները, տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը, նրա ներկայացուցիչը` փաստաբան Վահե Գրիգորյանը: Պաշտպան Տիգրան Եգորյանը նշեց, որ նրանք դատական նիստերին կներկայանան անհրաժեշտության դեպքում, իսկ Վահե Գրիգորյանը ներկա չէ զբաղվածության պատճառով:
Մեղադրական եզրակացության համաձայն` գործով մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին ռազմական բժիշկներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու համար:
Ծեծի հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են «կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը», Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: