Լևոն Ավդոյանը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության մեդալով
03/10/2012 19:44

Լևոն Ավդոյանը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության մեդալով

Այսօր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի հայագիտության և վրացագիտության կենտրոնի ղեկավար Լևոն Ավդոյանին: Այս մասին հայտնել է ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Լևոն Ավդոյանը արմատներով Խարբերդից ու Բիթլիսից է, նրանց ընտանիքը, որում պահպանվում էին հայկական ավանդույթներն ու հայկականությունը, ապրում էր Պրովիդենսում:

Սակայն Ավդոյանների երեխաները դադարեցին խոսել հայերեն, երբ բնակության մեկնեցին Ֆլորիդա: Այնուամենայնիվ դեռևս վաղ մանկությունից հայոց պատմությունն ու հայագիտությունը Լևոն Ավդոյանի հետաքրքրասիրության շրջանակում էին:

Սիվան քաղաքի Հարավային համալսարանի պատմության ֆակուլտետում համակողմանի գիտելիքներ է ստացել համաշխարհային ժամանակակից և հնագույն պատմության ոլորտում: Նրա դոկտորական ատենախոսության թեման, որը հետագայում հրատարակվել է գրքի տեսքով վերաբերում է Տարոն գավառի պատմությանը:

1977 թվականից աշխատելով Կոնգրեսի գրադարանում՝ Ավդոյանը տարիների ընթացքում հայկական գրքերի թիվը 7000-ից հասցրել է 145.000-ի:

Լևոն Ավդոյանի ջանքերով Կոնգրեսի գրադարանում ապրիլ ամսին բացվեց Հայ գրատպության 500 ամյակին նվիրված ցուցահանդես, որը 6 ամսվա ընթացքում ավելի քան 200.000 այցելու ունեցավ, հազարավոր արտասահմանցիներ ծանոթացան Հայ գրատպության պատմությանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իր խոսքում բարձր գնահատելով Լևոն Ավդոյանի գործունեությունը և հատկապես նրա մասնագիտական հմտությունները՝ ավելի քան 10 լեզուների իմացությունը, հայագիտության և վրացագիտության ոլորտներում հիմնարար ուսումնասիրություններն ու բացահայտումները, նշեց. «Լևոն Ավդոյանն իր գործունեության ընթացքում անում է ավելին, քան կարող է անել մեկ հայը սեփական ազգը առավելագույնս ներկայացնելու գործում»:

Շնորհակալություն հայտնելով բարձրագույն պարգևի արժանանալու համար՝ Լևոն Ավդոյանն ասաց. «Սա մեծագույն պատիվ է ոչ միայն ինձ, այլ նաև այն կազմակերպության համար, որտեղ ես տարիներ շարունակ աշխատում եմ և նպաստում է իմ հայագիտական աշխատանքին:

Պետք է խոստովանեմ, որ իմ առաջին այցից ի վեր ես սիրահարվել եմ Հայաստանին: Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրության ժամանակ ես այնքան էի ոգևորված, որ տեսա մեծ մորս տեսիլքը: Այս ցուցադրությունը ես կազմակերպեցի անցյալի և ապագայի համար»:


 

Լևոն Ավդոյանը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության մեդալով